«Դուք եք այս խայտառակության հեղինակը». ընդդիմադիր կին գործիչը՝ Էրդողանին
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) փոխնախագահ Մերալ Դանըշ Բեշթաշը Թուրքիայի խորհրդարանում մամուլի ասուլիս է հրավիրել։ Ի թիվս այլ թեմաների՝ նա անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, երբ վերջինս ասել էր. «Մենք վճռական ենք տրամադրված դուրս բերել մեր երկիրը կանանց սպանությունների ու նրանց դեմ գործադրվող բռնությունների այս խայտառակությունից»։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Բեշթաշը հայտարարել է, որ այդ խայտառակության հեղինակը հենց Էրդողանն է։
«Ո՞վ է ստեղծել այդ խայտառակ վիճակը: Ո՞վ է հետ կանչել իր ստորագրությունը Ստամբուլյան կոնվենցիայից: Ո՞վ է իշխանության մեջ: Ո՞վ է, որ ընդհանրապես չի խուսափում կանանց նկատմամբ բռնություն արտահայտող հռետորաբանությունից: Այդ ամոթը հենց դուք եք ստեղծել…
Կանանց նկատմամբ բռնությունները, հալածանքները և սպանությունները քաղաքական են։ Սա այն սկզբունքն է, որի վրա կանգնած են կանանց իրավունքների պաշտպաններն ամբողջ աշխարհում։ Կանանց սպանությունները չեն կարող որակվել որպես անձնական խնդիրներ կամ էլ ամոթալի մի բան: Դա ամենածանր հանցագործություններից մեկն է»:
Բեշթաշը նաև քննադատել է օրինապահ մարմինների գործողությունները՝ ասելով, որ խոշտանգումների հեղինակները չեն հետաքննվում, սպանության հեղինակները չեն հետաքննվում, մինչդեռ հետաքննվում, հետապնդվում, դատվում և դատապարտվում են մարդիկ, որոնք պարզապես սպանությունների և խոշտանգումների մասին տեղեկատվություն են ապահովել։
«Կանանց նկատմամբ կիրառվող բռնության դեմ պայքարելու փոխարեն իշխանությունները թիրախ են դարձնում այն ինստիտուտները, որոնք իսկապես պայքարում են կանանց նկատմամբ բռնության դեմ: Դատական հայց է ներկայացվել «Մենք կդադարեցնենք կանանց սպանությունները» կազմակերպության դեմ: Սարսափելի է: Ինչո՞ւ եք ուզում փակել հանրային շահի օգտին գործող կազմակերպությունը։։ Որովհետև ցանկանում եք կոծկել սպանությունները, ահա թե ինչու», – դժգոհել է Բեշթաշը։
Անդրադառնալով տնտեսական ճգնաժամին և Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալներին (TÜIK) էլ Բեշթաշն ասել է. «Գնաճը հասնում է 150 տոկոսի: TÜIK-ի միջոցով այս թվերը փորձում են ցածր ցույց տալ: Ամեն ինչ արվում է, որպեսզի անկախ կառույցները չբացահայտեն սա։ Ինչ է, երբ TÜIK-ը ցածր թվեր է ցույց տալիս, գնաճը նվազու՞մ է: Թուրքիայի պատմության մեջ աննախադեպ այս գնաճի դեմ նման մեթոդներով հնարավոր չէ պայքարել»։