Լոռու մարզպետն այցելել է Ալավերդի և Տաշիր
Ապրիլի 19-ին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը աշխատանքային այցով Ալավերդի և Տաշիր խոշորացված համայնքներում էր։
Ալավերդի խոշորացված համայնքում մարզի ղեկավարն այցելել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի և ԲԿ տնօրեն Ստեփան Մոսինյանի ուղեկցությամբ ծանոթացել է աշխատանքային գործընթացներին, այնուհետև խորհրդակցություն անցկացրել բուժանձնակազմի հետ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բուժսպասարկման որակի հետ կապված հարցեր։
Մարզպետի այցը շարունակվել է Տաշիրի տարածաշրջանում։ Մարզի ղեկավարը եղել է Տաշիրի համայնքապետարանում, որտեղ խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի և Տաշիր խոշորացված համայնքի բնակավայրերի ղեկավարների հետ։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել սեփական եկամուտների հավաքմանը։
Արամ Խաչատրյանը կարևորել է հատկապես հողի հարկի, գույքահարկի, աղբահանության վճարների հավաքումը 100 տոկոսի հասցնելու անհրաժեշտությունը և նշել, որ սուբվենցիոն ծրագրերի իրականացումը մեծապես կախված է համայնքներում հարկերի հավաքումից։
Անդրադարձ է կատարվել նաև պարարտանյութերի խնդրին։ Մարզպետը խոստացել է, որ պետական աջակցությամբ համայնքներին տրվող պարարտանյութը ամբողջությամբ բաշխված կլինի մինչև մայիսի 15-ը, և հնարավոր կլինի գյուղատնտեսական աշխատանքներն անխափան կազմակերպել։
Անդրադարձ է կատարվել նաև մարզում ապրիլի 16-ից իրականացվող պարեկային ծառայությանը։
Ա․ Խաչատրյանն այցելել է նաև «Տաշիր» կարի ֆաբրիկա, «Ամպեր» մալուխների գործարան, որն ունի շուրջ 50 աշխատակից։ Աշխատանքային այցն ամփոփվել է «Տաշիր ագրո» ընկերություն այցելությամբ։ Ընկերությունը զբաղվում է տոհմային խոշոր եղջերավոր անասունների բուծմամբ։
Ողջունելով գործարարների ջանքերը արտադրությունների կազմակերպման, գործունեության ընդլայնման, աշխատատեղերի ստեղծման առումով՝ մարզպետ Արամ Խաչատրյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը և անձամբ ինքը պատրաստ են կանգնելու նրանց կողքին և աջակցելու մարզի տնտեսության զարգացմանն ուղղված բոլոր գործընթացներին։