Պելեն կրկին հոսպիտալացվել է
Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն կրկին հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է ESPN-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 81-ամյա բրազիլացին գտնվում է Սան Պաուլոյի Ալբերտ Էյնշտեյնի անվան կլինիկայում, որտեղ նախկինում քիմիաթերապիայի կուրս է անցել։ Հաղորդվում է, որ Պելեն բժիշկների հսկողության տակ է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում։
2021 թվականի սեպտեմբերին Պելեն վիրահատվեց՝ հեռացվեց հաստ աղիքի ուռուցքը: Դեկտեմբերի 8-ին նա պետք է հոսպիտալացվեր բուժման նպատակով։ Ավելի ուշ ESPN-ը հայտնեց, որ Պելեի մոտ ուռուցքներ են հայտնաբերվել աղիքներում, լյարդում, ինչպես նաև թոքերի մեջ, որոնք եղել են սկզբնական փուլում:
Պելեն Աշխարհի գավաթի միակ եռակի չեմպիոնն է (1958, 1962, 1970): Բրազիլիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 92 հանդիպում և դարձել 77 գոլի հեղինակ։ Պելեն Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով ճանաչվել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ։ Բրազիլացին գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես կարիերայում 1279 գոլի հեղինակ։