ԱՄՆ-ն նախկինի պես հանձնառու է աջակցելու Հարավային Կովկասում խաղաղ ապագային․ Նեդ Փրայս
ԱՄՆ-ն նախկինի պես հանձնառու է աջակցելու Հարավային Կովկասում խաղաղ ապագային։ Այս մասին ամենօրյա ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Պետքարտուղար Բլինքենը մի քանի շաբաթ առաջ հնարավորություն ունեցավ խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ։ Մենք նախկինի պես հանձնառու ենք աջակցելու Հարավային Կովկասում խաղաղ, ժողովրդավարական եւ բարգավաճող ապագային»,-ասել է նա։
«Մենք Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ ենք անում շարունակել դիվանագիտական փոխգործակցության ակտիվացումը եւ օգտագործել ուղիղ փոխգործակցության առկա մեխանիզմները՝ բոլոր չլուծված հարցերին համապարփակ լուծում տալու համար, եւ կարգավորել հարաբերությունները համապարփակ խաղաղության համաձայնագրի միջոցով»,-հավելել է Փրայսը։
«Ինչ վերաբերում է մեր դերին, մենք նախկինի պես աջակցում ենք Հայաստանին եւ Ադրբեջանին այդ ջանքերում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ։ Եվ, հետեւաբար, երբ խոսում ենք գոյություն ունեցող մեխանիզմների մասին, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խումբը դրանց մաս է կազմում»,-եզրափակել է Փրայսը։
Փրայսը մանրամասներ չի ներկայացրել՝ պատասխանելով հարցին, որ Էնդի Շոֆերը, որը ներկայումս գտնվում է տարածաշրջանում, ներկայացվել է որպես Կովկասի հարցով բանակցություններում ավագ խորհրդական, թեեւ «տարածաշրջանում նրան ճանաչում են որպես Մինսկի խմբի համանախագահ»։ Փրայսը նշել է, որ կանդրադառնա այդ հարցին, երբ ավելացնելու բան ունենա։