Ալժիրի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել պաշտպանել պաղեստինցիներին եւ նրանց սրբավայրերը
Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունը երկուշաբթի նամակ է գրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ կոչ անելով միջազգային հանրությանն անհրաժեշտ պաշտպանություն ցուցաբերել պաղեստինցի խաղաղ բնակիչներին եւ նրանց սրբավայրերին՝ միջազգային իրավունքին համապատասխան: Այս մասին հայտնում է Algeria Press Service լրատվական գործակալությունը։
Նամակն ուղարկվել է օրեր անց այն բանից հետո, երբ Իսրայելի անվտանգության աշխատակիցներն ուժ են կիրառել պաղեստինցիների նկատմամբ Արեւելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում:
«Իսրայելական օկուպացիոն ուժերի կողմից սուրբ Ալ-Աքսա մզկիթի դեմ իրականացված հարձակումները եւ անօգնական հավատացյալների նկատմամբ կիրառած բռնությունները եւս մեկ հիշեցում են մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների համակարգված ոտնահարման մասին», - ասվում է Թեբունի նամակում:
«Այս ծանր իրադարձությունները, որոնք տեղի են ունենում միջազգային լարված միջավայրում, մեծացնում են անկայունությունը Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում եւ ավելի են խաթարում պաղեստինյան հարցի արդար եւ վերջնական կարգավորման հեռանկարները։ Այս գործողությունները, որոնք կրկնվում են ամեն տարի սուրբ Ռամադան ամսվա ընթացքում, վկայում են օկուպանտի կողմից պաղեստինցի խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների մասին, որոնք իրենց դիմադրությամբ եւ զոհերով հարգանք են ներշնչում»,- ընդգծել է Ալժիրի առաջնորդը։
«Իրավիճակի վատթարացումը պարտավորեցնում է միջազգային հանրությանն ամբողջոթյամբ ստանձնել պատասխանատվությունը եւ ՄԱԿ-ի, մասնավորապես՝ Անվտանգության խորհրդի միջնորդությամբ շտապ գործել՝ Պաղեստինի խաղաղ բնակչության եւ նրանց սրբավայրերի անհրաժեշտ պաշտպանությունը ապահովելու համար՝ միջազգային իրավունքին համապատասխան»,- ասել է Թեբունը: