Իլոն Մասկը կարծում է, որ դեպի Մարսի տոմսի 100.000 դոլար արժեքը պետք է որ մատչելի լինի մեծամասնության համար
Իլոն Մասկը կարծում է, որ 100.000 դոլար հիպոթետիկ արժեքը դեպի Մարս տոմսի արժեքը պետք է որ մատչելի լինի մարդկանց մեծամասնության համար, փոխանցում է BI-ն։
Առաջիկա տասնամյակների ընթացքում Մասկի SpaceX-ը նախատեսում է ինքնաբավ քաղաք կառուցել կարմիր մոլորակի վրա:
Նրա խոսքով՝ գինը մասամբ պայմանավորված կլինի տնտեսությամբ, ինչպես նաեւ դեպի Մարս ճանապարհորդությունը բավականաչափ մատչելի դարձնելու անհրաժեշտությամբ՝ Մարսի վրա քաղաք կառուցելու համար անհրաժեշտ միլիոնավոր մարդկանց ներգրավելու նպատակով:
«Եթե տեղափոխումը Մարս արժե 100.000 դոլար, ապա, կարծում եմ, որ գրեթե յուրաքանչյուրը կարող է գումար աշխատել եւ կուտակել այն, որպեսզի ցանկության դեպքում, ի վերջո, կարողանա Մարս ուղեւորվել,- ասել է Մասկը:- Մենք ցանկանում ենք դա հասանելի դարձնել ցանկացող բոլորին»,- ասել է նա:
Հարցազրույցում Մասկը նշել է ֆինանսավորման այլ հնարավոր աղբյուրների մասին, օրինակ՝ կառավարության հովանավորությունը կամ վարկը:
Ավելի վաղ Մասկն ակնկալում էր, որ դեպի Մարս եւ հակառակ ուղղությամբ թռիչքը 100.000-ից 500.000 դոլար կարժենա:
2020 թվականին Մասկն ասել էր, որ հույս ունի 1000 SpaceX տիեզերանավը կառուցել 10 տարվա ընթացքում, որպեսզի 1 միլիոն մարդ ուղարկի Մարս մինչեւ 2050 թվականը քաղաք կառուցելու համար:
Ավելի ուշ նա ակնարկել էր, որ Մարսի վրա առաջին մարդը կարող է վայրէջք կատարել 2029 թվականին։