ԿԳՄՍ նախարարությունը «հետողորմյա» է անում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԿԳՄՍ նախարարությունը «հետողորմյա» է անում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի բոլոր «հեղափոխական» համարվող կետերը։ Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի մի շարք կետեր ճանաչել էր Սահմանադրությանը հակասող:
Եվ, ահա, 2021թ. հոկտեմբերի 25-ին ԿԳՄՍՆ-ն իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում հանրային քննարկման ներկայացրեց օերնքի «խմբագրված» տարբերակը, սակայն այս անգամ ունքն ուղղելու տեղը աչքն էլ հանեցին: Մասնավորապես, բուհի կառավարման խորհրդին իրավունք է վերապահված ընտրելու ռեկտորի մինչեւ երեք թեկնածու եւ ներկայացնելու նախարարի հրամանագրմանը:
Թե ինչ չափանիշներով է նախարարը ընտրելու ռեկտորի միակ թեկնածուին, օրենքը չի հստակեցնում: Արդյունքում ռեկտորները նշանակվելու են բացառապես ԿԳՄՍ նախարարի «ճաշակով»:
Ավելին՝ ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ օրենքում փոփոխություններ են կատարվել նաեւ հանրային քննարկման ներկայացվելուց հետո: Մասնավորապես, կառավարման խորհուրդներում քաղաքական դեմքեր եւ պաշտոնյաներ ներգրավելու արգելքը եւս հանվել է:
Հիշեցնենք, որ այս կառավարությունը ապաքաղաքական կառավարման խորհուրդներ ունենալու բուհերի կարողությունը համարում էր սույն օրենքի «հեղափոխություններից» մեկը: «Հեղափոխական» էին համարվում նաեւ բուհի կողմից կատարվող գնումների սեփական ընթացակարգը մշակելու ու հաստատելու, իրեն տրամադրված գույքի եւ այդ գույքի վարձակալությունից ստացված եկամուտները տնօրինելու իրավունքները:
Սակայն այս կարեւոր եւ բուհերի ինքնավարության մեծացմանը նպաստող դրույթները եւս ԿԳՄՍՆ-ն «հետողորմյա» է արել: Ստացվում է որ հեղափոխությունը, ինչպես մեր երկրի բոլոր ոլորտներում, կրթության ոլորտում եւս ֆիասկո ապրեց>:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: