Գերեվարված բրիտանացիները դիմել են Ջոնսոնին՝ խնդրելով փոխանակել իրենց Մեդվեդչուկի հետ
Երկու բրիտանացիներ, ովքեր հանձնվել են Ուկրաինայում, «Россия 1» հեռուստաալիքի եթերում, խնդրել են վարչապետ Բորիս Ջոնսոնին օժանդակել իրենց փոխանակմանը ձերբակալված ուկրաինացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի հետ։
«Պարոն Բորիս Ջոնսոն, ես Շոն Փիներ եմ: Որքան գիտեմ, Վիկտոր Մեդվեդչուկը գտնվում է կալանքի տակ, իսկ Էյդեն Ասլինը և ես կցանկանայինք փոխանակվել նրա հետ: Մենք շնորհակալ կլինենք ձեր օգնության համար այս հարցում: Ինձ լավ են վերաբերվում, ես հասկանում եմ, թե ինչ դիրքում եմ գտնվում: Մեզ կերակրում և ջուր են տալիս: Ես խնդրում եմ ձեզ, իմ անունից և Էյդեն Ասլինի անունից, աջակցել Մեդվեդչուկի հետ փոխանակմանը»,- ասել է Փինները:
Ասլինն էլ նշել է, որ ինքը կարևոր է համարում, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը ականջալուր լինի Մեդվեդչուկի կնոջ՝ Օքսանա Մարչենկոյի կոչին։
«Եթե Բորիս Ջոնսոնն իրոք հոգ է տանում բրիտանացի քաղաքացիների մասին, ինչպես ինքն է ասում, ապա նա կօգնի ճնշում գործադրել Զելենսկու վրա՝ ճիշտ վարվելու և Վիկտորին վերադարձնելու իր ընտանիքին, իսկ մեզ՝ մեր ընտանիքներին», – ասել է բանտարկյալը:
Երկու բրիտանացիների դիմումի հայտնվելուց անմիջապես հետո Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որում ինքը՝ Մեդվեդչուկը, դիմում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին և խնդրում Կիևին փոխանակել իրեն Մարիուպոլում գերի ընկած ուկրաինացի զինվորականների, ինչպես նաև՝ քաղաքի բնակիչների հետ։