Ադրբեջանի հոգևոր առաջնորդի՝ Ինջիղուլյանին Հայաստանին հանձնելու պատրաստակամությունը PR քայլ է. ադրբեջանագետ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք նոյեմբերի 1-ին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի և Ադրբեջանում պահվող հայ գերի Հակոբ Ինջիղուլյանի միջև կայացել է հանդիպում: Կովկասի մահմեդականների վարչության մամուլի ծառայության ղեկավար Ռագիմ Դադաշևան նշել է, որ հանդիպման ժամանակ Փաշազադեն ասել է Ինջիղուլյանին, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը խնդրել է իրեն հայ գերուն վերադարձնել հայրենիք:Փաշազադեն հայտարարել է, որ պատրաստ է կատարել այդ խնդրանքը և առաջարկել է Ինջիղուլյանին վերադառնալ հայրենիք, սակայն հայ գերին իբր հրաժարվել է վերադառնալ Հայաստան:
Operativ.am-ը փորձեց այս մասին մեկնաբանություններ ստանալ ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանից: Այս մասին Ադրբեջանագետն արտահայտեց իր տեսակետը և նշեց. «Ինչ վերաբերում է այն փաստին, որ նա առաջարկել է, իսկ Ինջիղուլյանը հրաժարվել, իհարկե նման բան չի բացառվում: Հնարավոր է, որ դա PR ակցիայի նման մի բան լինի: Քանի որ անգամ Փաշազադեն է առաջարկում, իսկ ինքը հրաժարվում է»:
Այն հարցին, թե արդյոք Փաշազադեն այդքան ազդեցություն ունի Ադրբեջանում, որ նման հայտարարությամբ հանդես գա, Սարգիս Ասատրյանը պատասխանեց, որ ունի, քանի որ մեծ ֆինանսական և վարչական ռեսուրսներին տիրապետող անձնավորություն է, քանի որ ի վերջո հոգևոր առաջնորդ է: Նրա ազդեցությունը բավականին մեծ է:
Այն հարցին, թե արդյոք Փաշազադեի այդ հայտարարությունն իշխանությունների հետ համաձայնեցված չէ ադրբեջանագետը պատասխանեց. «Ես կարծում եմ համաձայնեցված է: Ամեն դեպքում Ադրբեջանն այնպիսի երկիր է, որ առանց կենտրոնի հետ համաձայնեցնելու որևէ բան տեղի չի ունենում: Դա իրենք կարող են օգտագործել և շրջանառել անգամ, որ Փաշազադեի մեծահոգի առաջարկից հետո նա չի ցանկանում վերադառնալ հայրենիք: Դժվար է ասել՝ նա ցանկանում է կամ ոչ, սակայն կարծում եմ, որ նրա վրա այնտեղ կաշխատեն: Գուցե կստիպեն նրան, որ այդպիսի հայտարարություն անի: Իսկ ինչ վերաբերում է կաթողիկոսին, ապա նա որպես հոգևոր առաջնորդ գուցե բարոյական պարտավորություն ունի այդպիսի կոչով հանդես գալու»:
Զրուցեց Գայանե Մելիքյանը