Մեդվեդչուկը Զելենսկուն և Պուտինին խնդրել է իրեն փոխանակել պաշտպանների եւ Մարիուպոլի բնակիչների հետ
Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից կալանավորված ազգային պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է իրեն փոխանակել պաշտպանների եւ Մարիուպոլի բնակիչների հետ, հաղորդում է «Укринформ»-ը։ Այս մասին ասվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության թելեգրամյան ալիքում։
«Ուզում եմ դիմել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով ինձ փոխանակել Մարիուպոլի պաշտպանների եւ բնակիչների հետ, որոնք քաղաքում գտնվում են արգելափակման մեջ՝ առանց մարդասիրական միջանցքներով անվտանգ ելքի»,-ասել է նա։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Մեդվեդչուկին բերման է ենթարկել ապրիլի 12-ին։ ՌԴ ԱԴԾ-ն փորձել է փախուստի դիմած պատգամավորին նախ Մերձդնեստր տանել, իսկ հետո՝ Մոսկվա։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նրան ձերբակալել է Կիեւի մարզից հեռանալիս։