Փաշինյանի ելույթը ինքնախոստովական ցուցմունք էր․ Ցորի Դ-20 զորամասի զոհերի ծնողները հաղորդում ներկայացրին Դատախազություն
Արցախի Ցոր զորամասի Դ20 հրետանային դիվիզիոնի զոհված ժամկետային ու պահեստազորային զինծառայողների հարազատներն գլխավոր դատախազության դիմաց էին։
Զոհված Հայկ Մելիքյանի հարազատը՝ Անահիտ Մանասյանն ասաց՝ այստեղ են հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար. «Մեր որդիները զոհվել են 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Ջուվառլու կոչվող տարածքում հակառակորդի կողմից հարձակման ենթարկվելու հետևանքով։ 2022 թ. ապրիլի 13-ին ԱԺ-ում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչել են այնպիսի ձևակերպումներ, որոնք մեզ հիմք են տալիս հաստատված համարելու, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունները սկսել են իրականացվել Նիկոլ Փաշինյանի դրդչությամբ, ինչպես նաև նրա պաշտոնական լիազորությունները չարաշահելու արդյունքում»,-դատախազությանը հանձնվելիք հաղորդման տեքստից հատված ընթերցեց Մանասյանը։
Նա մեջբերել է ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. «Ինձ ասում են, կարո՞ղ էիք կանխել պատերազմը։ Այո, կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի»։
Ըստ հաղորդման, նշված հայտարարությունից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը նախապես պատկերացնելով, կանխատեսելով պատերազմի հետևանքները, մարդկային կորուստները դիտավորությամբ չի կանխել պատերազմը, ավելին իր անգործությամբ համապատասխան միջոցներ չձեռնարկելով, իր պարտականությունները չկատարելով դրդել է Ադրբեջանին Արցախի դեմ սանձազերծել պատերազմական գործողություններ, որի հետևանքով Արցախի ու Հայաստանի 3800-ից ավելի զինծառայողներ ու քաղաքացիական անձինք զոհվել են, անհայտ կորել են 100-ից ավելի անձինք, գերեվարվել են 500-ից ավելի զինծառայողներ ու քաղաքացիական անձինք, հրազենային վիրավորումներ ստանալու հետևանքով հաշմանդամ են դարձել 11 հազար զինծառայողներ և քաղաքացիական անձինք, տեղի են ունեցել տարածքային կորուստներ։
«Այսինքն Նիկոլ Փաշինյանի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցագործությունների հանցակազմեր։ Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՊԲ N զորամասի Դ20 հրետանային դիվիզիոնի զոհված ժամկետային, պահեստազորի զինծառայողների հարազատներս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ներկայացնում ենք հանցագործության մասին հաղորդում և միջնորդում ենք փաստի առթիվ հարուցել քրեական գործ և իրականացնել նախաքննություն»,-հաղորդումն ընթերցեց Մանասյանը։
«Մենք ակնկալում ենք, որ գործին ընթացք տրվի, և պատժվողներ լինեն։ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված հայտարարությունը արդեն իսկ ինքնախոստովական ցուցմունք էր հանցագործության մասին, որին ընթացք չտալով՝ մենք սխալ կվարվենք մեր երեխաների հանդեպ։ Ամեն ինչ անելու ենք, որ այս դիմումին ընթացք տրվի։ Ակնկալում ենք՝ Նիկոլ Փաշինյանին օրենքով սահմանված կարգով պատժված տեսնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։
«Եթե հանկարծ Դատախազությունը կանխակալ մոտեցում ցուցաբերի, անաչառություն չցուցաբերի մեր գործի վերաբերյալ, տանը չենք նստելու, անձամբ ես պատրաստ եմ գնալ, խնդրել բոլոր կառույցներին՝ բանկերին, բուժհաստատություններին և այլն, գործադուլ սկսել, տեսնեմ այդ պայմաններում ինչպե՞ս ընթացք չեն տալու»,- ասաց նա։
Ծնողները նշեցին, որ անկախ քաղաքական հայաքներից՝ մասնակցելու են ցանկացած շարժման, որը կկարողանա պատասխանատվության կենթարկել Նիկոլ Փաշինյանին։
Նախաձեռնությանը միացել է շուրջ 60 ծնող։
Նշենք, որ Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զինծառայողների ծնողները պնդում են, որ իրենց երեխաներն արժանացել են այդ ճակատագրին բանակի ղեկավարության սխալ տեղեկությունների կամ տեղեկությունների բացակայության պատճառով։ Այս գործով ՊԲ N զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել: