2018-ին Փաշինյանը ինձ որևէ թուղթ չի փոխանցել, ամենայն ազնվությամբ եմ ասում․ Վալերի Օսիպյան
Հնարավոր է կանխել հայրենիքի մնացած մասի կորուստը, անհնարին ոչինչ չկա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին փոխոստիկանապետ Վալերի Օսպիպյանը։
«Լավ հիշում ենք, թե այս իշխանությունը 2018 թվականին ինչպես է եկել իշխանության, այնպես որ, անհնարին ոչինչ չկա և ոչինչ կորցված չէ», - ասաց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինայնի այն հայտարարությանը, որ կարող էինք կանխել պատերազմը, բայց կլիներ նույն վիճակը՝ առանց զոհերի, և այն հարցին՝ արդյոք նման հայտարարությանը իրավական գործընթաց չպետք է հետևեր, Օսիպյանը ասաց․ «Այստեղ արդեն լուրջ մոտեցում է անհրաժեշտ, իրավաբանները պետք է դա հասկանան, այդ թվում զավակ կորցրած ծնողները պետք է սա նկատի ունենան հետագա իրավական քայլերի մասին»։
Խոսելով երեկ Ազատության հրապարակում ոստիկանների կողմից ակցիայի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելու և ազատ տեղաշարժը սահմանափակելու գործողություններին, Օսիպյանն ասաց. «Պատգամավորների և առհասարակ քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակելը անթույլատրելի եմ համարում, կոչ կանեմ իմ նախկին գործընկերներին առաջնորդվել միայն օրենքով և հիշել, որ սխալ հրամաններ կատարողները ուշ թե շուտ պատասխան են տալու։ 2018 թ-ին եղել են դեպքեր, երբ ես եմ իմ գործընկերներին խնդրել, որ իրենց գործողությունների արդյունքում հետապնդումներ չլինեն: Սակայն այս անգամ թող իմ գործընկերները ուշադիր լինեն հրաման կատարելուց»։
Անդրադառնալով տարածված այն քննարկումներին, որ 2018թ-ի հեղափոխության օրերին տարածված մի տեսանյութում երևում է, որ Նիկոլ Փաշինյանը իրեն թուղթ է փոխանցել, Օսպիպյանը ասաց․ «Ուզում եմ անդրադառնալ և մեկընդմիշտ փակենք այդ թեման: Ինքս բազմիցս տեսել եմ այդ տեսանյութը, ինձ որևէ մեկը որևէ բան չի փոխանցել, տեղյակ չեմ՝ ինչի մասին է խոսքը, ամենայն ազնվությամբ եմ պատասխանում: Միգուցե կգա ժամանակը, միգուցե ինքս էլ հնարավորություն կունենամ պարզելու, թե ում է ինչ փոխանցել, բայց այս պահին ասում եմ այն, ինչից տեղյակ եմ»։
Ինչ վերաբերում է 2018-ին իշխանության եկած թիմին միանալուն, Օսիպյանն ասաց. «Յուրաքանչյուր ոք սխալվելու իրավունք ունի, միգուցե ես էլ եմ սխալվել»: