Եմենի նախագահը հրաժարական է տվել Սաուդյան Արաբիայի ճնշման ներքո․ WSJ
Սաուդյան Արաբիայի իշխանությունները ճնշում են գործադրել Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիի վրա, որպեսզի նա իր լիազորությունները փոխանցի նախագահական Կառավարման խորհրդին: Այսպիսի հայտարարություն է արել The Wall Street Journal-ը՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի եւ Եմենի պաշտոնյաներին։
Ապրիլի 7-ի գիշերը Հադին հայտարարել է խորհրդի ստեղծման եւ պետությունը կառավարելու համար բոլոր լիազորությունների փոխանցման մասին անցումային ժամանակաշրջանում միջեմենական բանակցություններից հետո, որոնք տեղի ունեցան մարտի 30-ից ապրիլի 7-ը Էր Ռիադում՝ ՄԱԿ-ի եւ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի նախաձեռնությամբ։ Նոր կառույցի ղեկավարը Ռաշադ Մուհամմեդ ալ Ալիմին էր, որը վայելում է Սաուդյան Արաբիայի աջակցությունը եւ սերտ հարաբերություններ ունի իսլամիստական «Ալ Իսլահ» (Մուսուլման եղբայրներ) կուսակցության հետ։
Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, բանակցությունների ընթացքում Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդը Եմենի առաջնորդին է փոխանցել փաստաթուղթ, որը նախատեսում է նախագահական լիազորությունները փոխանցել խորհրդին։ Բացի այդ, նա, իբր, հայտարարել է, որ մյուս բանակցողները համաձայնել են Հադիի հրաժարականի անհրաժեշտության շուրջ։ Միեւնույն ժամանակ, ըստ հրատարակության աղբյուրների, Սաուդյան Արաբիայի պաշտոնյաներն, իբր, սպառնացել են Եմենի առաջնորդին կոռուպցիոն սխեմաներին նրա մասնակցությունը հաստատող նյութերի հրապարակմամբ։