Երկար դադարից հետո` ուխտագնացություն դեպի Դադիվանքի վանական համալիր
Երկար դադարից հետո Արցախի թեմը կազմակերպել է ուխտագնացություն դեպի Դադիվանքի վանական համալիր: Այս մասին հայտնում են ՀԱԵ Արցախի թեմից:
«Սուրբ Հարության տոնին Արցախի թեմը կազմակերպել է ուխտագնացություն դեպի Դադիվանքի վանական համալիր։ Երկար դադարից հետո Սուրբ Դադիվանքը իր գրկում կրկին ընդունեց իր ուխտավորներին։ Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Պատարագ։
Թեմակալ առաջնորդի ձեռամբ զատկական Սուրբ Պատարագը մատուցվեց Ամարասի վանքում, որտեղ իրենց մասնակցությունն էին բերում Արցախի Հանրապետության պետական այրերը, գլխավորությամբ նախագահ Տիար Արայիկ Հարությունյանի, Տիարք Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի։
Հավարտ պատարագին թեմակալ առաջնորդի ուղեկցությամբ Արցախի նախագահները իջան Սուրբ Գրիգորիս Հայրապետի գերեզմանը խոնարհվելու և աղոթելու Արցախի հոգևոր և ֆիզիկական անվտանգության և պետականության ամրության համար»։
Նշենք, որ հայ ուխտավորները մայիսից չեն կարողանում մտնել Դադիվանք։ Մինչ այդ նրանք խմբերով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելում էին Դադիվանք, բայց հետզհետե ադրբեջանցիները դժվարեցրեցին հայ ուխտավորների մուտքը Դադիվանք։ 2021թ.–ի հոկտեմբերին, Մոսկվայում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն հանդիպել էր Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հետ եւ բարձրաձայնել հայ հոգեւորականների ու հավատացյալների այցերը Դադիդավանք վերսկսելու հարցի շուրջ։
Արցախի թեմի առաջնորդն այս ընթացքում բազմիցս է այդ հարցը բարձրաձայնել թե՛ տեղական իշխանությունների, թե՛ ռուս խաղաղապահների հրամանատարի եւ նրանց հոգեւորականի հետ զրույցներում։
Դադիվանքը Հայ առաքելական եկեղեցու հնագույն քրիստոնեական վանական համալիրներից է։ Գտնվում է Քարվաճառի շրջանում, որը 2020թ.–ի նոյեմբերի 9–ի հայտարարությունից հետո, անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Անվտանգության ապահովման համար ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը հայկական վանքի հարեւանությամբ է։