Արցախում հարգանքի տուրք են մատուցել ապրիլի 16-ին զոհված ոստիկան Ժիրայր Ենգիբարյանի հիշատակին
Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում այսօր հարգանքի տուրք են մատուցել՝ ապրիլի 16-ին ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ անսթափ քաղաքացու կողմից արձակված կրակոցներից նահատակված Ժիրայր Ենգիբարյանի հիշատակին, որին ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և համակարգի ծառայողների ուղեկցությամբ մասնակցել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետությունում Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ոստիկանության նախկին ղեկավար Կամո Աղաջանյանը, Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը: Այդ մասին ասված է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության Ֆեյսբուքի էջում։
«Ժիրայր Բորիսի Ենգիբարյանը Արցախի ոստիկանության օրինակելի ծառայողներից էր և իր բարեվարքությամբ ու տեսակով օրինակ է հանդիսացել իր համածառայակից ընկերներին: Ծառայության ամբողջ ընթացքում գերազանցությամբ է կատարել իրեն վերապահված պարտականություններն ու խնդիրները, ցուցաբերել բարձր պատասխանատվություն:
Ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 1-ին Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում:1991-2001 թվականներին սովորել է գյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում:
2004-2009 թվականներին սովորել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի իրավագիտություն բաժնում, ստանալով՝ Իրավաբանի որակավորում:
Ծառայությունը հայրենիքին
Ժիրայր Բորիսի Ենգիբարյանը 2001-2003 թվականներին ծառայել է Արցախի պաշտպանության բանակում:
2009 թվականի դեկտեմբերի 1-ից ընդունվել է ծառայության ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության վաշտի թիվ 2 ճանապարհապարեկային ծառայության սպայական դասակում՝ որպես տեսուչ:
2015 թվականի հուլիսի 10-ին նշանակվել է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ձերբակալվածների պահման վայրի տեսուչ:
2020 թվականի նոյեմբերի 27-ին նշանակվել է ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչ:
Ծառայության ողջ ընթացքում արժանացել է պետական ու գերատեսչական մի շարք խրախուսանքների և մեդալների:
2016 թվականի նոյեմբերի 26-ին գործառական պարտականությունների բարեխիղճ կատարման, ծառայության մեջ բարձր ցուցանիշների հասնելու համար և ի նշանավորումն ոստիկանության օրվա՝ Ժիրայր Ենգիբարյանը ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել է «Օրենքի պատվար» մեդալով:
2020թվականի օգոստոսի 5-ին ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել է «Երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով:
Արցախի նախագահի հրամանագորվ հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
Ամուսնացած է, ունի 2 զավակ:
Ժիրայր Ենգիբարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր իր հայրական տանը՝ Նորագյուղում, ժամը 18:00-ից 20:00-ը: Հուղարկավորությունը՝ երկուշաբթի ժամը 13:00-ին»,- նշված է գրառման մեջ: