Սպիտակ տունը վաճառքի է հանել Վլադիմիր Զելենսկիի պատկերով մետաղադրամների շարք
Սպիտակ տան հուշանվերների խանութը վաճառքի է հանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պատկերով մետաղադրամների շարք: Այս մասին հաղորդագրություն է տեղադրված խանութի կայքում, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Մեկ մետաղադրամի մանրածախ արժեքը 100 դոլար է։ Զելենսկին պատկերված է մետաղադրամի դարձերեսին՝ Ուկրաինայի տարածքի քարտեզը՝ Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների կազմով։ Սա ամերիկյան նախագահության մետաղադրամների պատմական հավաքածուի 31-րդ կտորն է:
Այժմ հնարավոր է մետաղադրամը նախապես պատվիրել, առաքումները կսկսվեն հունիսի 15-ից։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այս մետաղադրամի թողարկումը կապված է Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության հետ։ Վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ամերիկյան մասնաճյուղին՝ Կիևին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։