Ուկրաինայի Լվով քաղաքում կվերանվանեն ռուս գործիչների անուններով փողոցները
Ուկրաինական Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյը հայտարարել է, որ քաղաքում նախատեսվում է անվանափոխել ռուս գործիչների անուններով փողոցները։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Նա տեղեկացրել է, որ իր հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը պրոֆեսորների, գիտնականների հետ վերլուծում է բոլոր փողոցների անունները, «որոնք պետք է շտկվեն»:
«Մենք ավանդույթ ունենք մայիսին՝ քաղաքի օրը, նոր անուններ տալ կամ վերանվանել: Այս աշխատանքային խումբը կավարտի իր աշխատանքը մինչև մայիս, և մենք որոշում կկայացնենք»,- հայտնել է Սադովոյը:
Ավելի վաղ Իվանո-Ֆրանկովսկում անվանափոխվել էին ռուս գրողների, կոմպոզիտորների և գիտնականների անունով ավելի քան 20 փողոց։