ԱՄՆ-ն և Հնդկաստանը բանակցություններ են սկսել ռազմական արհեստական ինտելեկտի շուրջ
ԱՄՆ-ն եւ Հնդկաստանը պայմանավորվել են նոր բանակցություններ սկսել արհեստական ինտելեկտի եւ ազգային անվտանգության հարցերում դրա օգտագործման վերաբերյալ, գրում է Defense News-ը։
ԱԻ-ի պաշտպանության առաջին երկխոսության մասին լուրերը տարածվեցին, երբ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը եւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպեցին իրենց հնդիկ գործընկերների՝ պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի եւ արտաքին գործերի նախարար դոկտոր Ս. Ջայիշանքարի հետ:
«Միացյալ Նահանգները եւ Հնդկաստանը տիեզերական իրավիճակի իրազեկման համաձայնագիր են ստորագրել, որը հիմք է ստեղծում տիեզերքում ավելի առաջադեմ համագործակցության համար,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:- Նրանք նաեւ պայմանավորվել են սկսել առաջին երկխոսությունը պաշտպանական արհեստական ինտելեկտի վերաբերյալ՝ միաժամանակ ընդլայնելով համատեղ կիբեր թրենինգները եւ վարժանքները»:
Պենտագոնի Արհեստական ինտելեկտի միացյալ կենտրոնի առաջին տնօրեն Ջեք Շանահանը գալիք բանակցությունները որպես «շատ կարեւոր զարգացում» է բնութագրել, որն ԱՄՆ-Հնդկաստան արհեստական ինտելեկտի առաջատար նախաձեռնության կամ USIAI-ի «տրամաբանական շարունակությունն է»:
Պաշտպանության նախարարությունը տարիներ շարունակ արհեստական ինտելեկտը կարեւորագույն տեխնոլոգիա է համարել, որը կարող է արագացնել որոշումների կայացումը, մեծացնել տվյալների սպառումը եւ, ավելի լայն իմաստով, առավելություն տալ մարտի դաշտում: 2021 թվականի ապրիլի դրությամբ վարչությունը ղեկավարում էր առնվազն 685 ԱԻ նախագիծ, այդ թվում՝ ավելի քան մեկ տասնյակ սպառազինության հիմնական համակարգեր:
Տասնամյակներ շարունակ հնդկական համայնքն օգնել է ձեւավորել արհեստական ինտելեկտի հետազոտությունն ու զարգացումն ԱՄՆ-ում, նշել է Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի ավագ գիտաշխատող Կլեո Պասկալը:
Փետրվարին Times of India-ն հայտնել էր, որ երկիրը «վերջապես որոշ քայլեր է ձեռնարկել՝ արհեստական ինտելեկտի արդյունավետ օգտագործումն» իր զինված ուժերում ապահովելու համար։ Պարբերականը նշում է, որ պաշտպանության քարտուղարի գլխավորությամբ արհեստական ինտելեկտի խորհուրդ, ինչպես նաեւ արհեստական ինտելեկտի նախագծերի գործակալություն է տեղծվել։
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը 2019 թվականի հունվարին հայտարարել էր, որ սկսվել է իր զինված ուժերի՝ «արհեստական ինտելեկտի կիրառման համար» նախապատրաստման գործընթացը։ ԱԻ-ի հիմքով աշխատող գործիքները, հավելել են պաշտոնյաները, կբարելավեն ռազմական որոշումների կայացումը, կանխարգելիչ սպասարկումը, իրավիճակային իրազեկումը եւ անվտանգությունը: