ՌԴ ԱԳՆ-ն պատասխան պատժամիջոցներ է սահմանել բրիտանական ղեկավարության դեմ
ՌԴ ԱԳՆ-ն պատասխան պատժամիջոցներ է սահմանել բրիտանական ղեկավարության դեմ։
«Այս քայլը ձեռնարկվել է Լոնդոնի սանձարձակ տեղեկատվական եւ քաղաքական արշավին ի պատասխան, որն ուղղված է Ռուսաստանի միջազգային մեկուսացմանը, մեր երկիրը զսպելու եւ ներքին տնտեսությունը խեղդելու համար պայմանների ստեղծմանը», - ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ։
«Բրիտանական իշխանությունների ռուսատյաց քաղաքականությունը, որի հիմնական խնդիրը մեր երկրի նկատմամբ բացասական վերաբերմունքի հրահրումը, գրեթե բոլոր ոլորտներում երկկողմ կապերի խզումն է, վնասում է հենց Բրիտանիայի բնակիչների բարեկեցությանը եւ շահերին։
Պատժամիջոցային ցանկացած հարձակում անխուսափելիորեն կհարվածի դրանք նախաձեռնողներին եւ վճռական հակահարված կստանա:
Ստորեւ ներկայացված է բրիտանացի սուբյեկտների ցանկը, ում այլեւս արգելված է մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն:
Բորիս Ջոնսոն (Alexander Boris de Pfeffel JOHNSON)՝ վարչապետ,
Դոմինիկ Ռաաբ (Dominic Rennie RAAB)՝ փոխվարչապետ, արդարադատության նախարար,
Էլիզաբեթ Թրաս (Elizabeth Mary TRUSS)՝ արտաքին գործերի նախարար,
Բեն Ուոլես (Ben WALLACE)՝ պաշտպանության նախարար,
Գրանտ Շափս (Grant SHAPPS)՝ տրանսպորտի նախարար,
Պրիտի Պատել (Priti PATEL)՝ ներքին գործերի նախարար,
Ռիշի Սունակ (Rishi SUNAK)՝ ֆինանսների նախարար,
Կվազի Կվարտենգ՝ (Kwasi KWARTENG)՝ ձեռներեցության, էներգետիկայի եւ արդյունաբերական ռազմավարության նախարար,
Նադին Դորիս (Nadine Vanessa DORRIES)՝ թվայնացման, մշակույթի, ԶԼՄ-ների եւ սպորտի նախարար,
Ջեյմս Հիփի (James HEAPPEY)՝ պաշտպանության փոխնախարար,
Նիկոլա Սթերջեն (Nicola Ferguson STURGEON)՝ Շոտլանդիայի առաջին նախարար,
Սուելլա Բրավերման (Suella BRAVERMAN)՝ Անգլիայի եւ Ուելսի գլխավոր դատախազ,
Թերեզա Մեյ (Theresa MAY)՝ պահպանողական պատգամավոր է եւ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ։
Մոտ ապագայում այս ցուցակը կընդլայնվի՝ ներառելով բրիտանացի քաղաքական գործիչներին եւ խորհրդարանականներին, ովքեր նպաստում են հակառուսական հիստերիայի հրահրմանը, «կոլեկտիվ Արեւմուտքին» դրդում են օգտագործել սպառնալիքների լեզուն Մոսկվայի հետ երկխոսության ժամանակ եւ զբաղվում են կիեւյան նեոնացիստական ռեժիմի անխիղճ հրահրմամբ»։