Ռուսական նավթն ու գազը չեն կարող փոխարինվել համաշխարհային շուկայում առաջիկա 5-10 տարվա ընթացքում. Նովակ
Ռուսական նավթն ու գազը չեն կարող փոխարինվել համաշխարհային շուկայում առաջիկա 5-10 տարվա ընթացքում, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն «Էներգետիկ քաղաքականություն» ամսագրում հրապարակված հոդվածում։
Նույնիսկ Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների դադարեցման մասին հայտարարություններն են գների աճի հանգեցնում համաշխարհային շուկաներում, իսկ ֆիզիկական սահմանափակումները հղի են պատմական նոր ռեկորդներով։
Նա նշել է, որ մարտին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո էներգակիրների գների աննախադեպ աճ եւ բարձր տատանողականություն է գրանցվել:
«Իր գագաթնակետին գազի արժեքը գրեթե 4000 դոլարի էր հասնում հազար խորանարդ մետրի դիմաց, նավթը մոտ 140 դոլար էր մեկ բարելի դիմաց, ածուխը վաճառվում էր տոննայի դիմաց 460 դոլարով։ Իսկ մասնագետները վստահ են, որ դա դեռ վերջը չէ։ Այսօր համաշխարհային էներգետիկ շուկաները շարունակում են մնալ անորոշ վիճակում»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Մեկնաբանելով Եվրոպայի կողմից ռուսական էներգառեսուրսների ներմուծման դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու պլանները՝ Նովակը նշել է, որ Ռուսաստանից ԵՄ երկրներ նավթի մատակարարումների մասնաբաժինը 30 տոկոսի է հասնում, գազինը՝ 40 տոկոսի, իսկ ռուսական ածխի ներմուծման մասնաբաժինը Եվրոպայի ներկրման մեջ կազմում է բոլոր գնումների մոտ մեկ երրորդը։
«Ռուսական էներգակիրների ներմուծման արգելքի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձեւում նշվում է, որ որոշումը պետք է ուղեկցվի գործողությունների ծրագրով, որն ուղղված է ԵՄ էներգամատակարարման անվտանգության երաշխավորմանը։ Այնուամենայնիվ, արդյունաբերության առանցքային խաղացողները համաձայն են, որ դժվար թե առաջիկա 5-10 տարվա կտրվածքով հնարավոր լինի ամբողջությամբ փոխարինել ռուսական նավթն ու գազը»։
Նա նշել է, որ Եվրոպայում փորձել են նվազեցնել կախվածությունը ռուսական գազից ածխի միջոցով, որի գինը եւս աճել է։ «Ածխի արտադրության արագ վերադարձը տեղի է ունենում ԵՄ երկրների՝ տնտեսության ածխաթթվացման եւ մինչեւ 2050 թվականն ածխածնային չեզոքության հասնելու մասին հայտարարությունների ֆոնին: Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ ածխաթթու գազի համաշխարհային արտանետումները 2021 թվականին աճել են միջինում 6 տոկոսով եւ հասել ռեկորդային 36.3 մլրդ տոննայի։ Առաջատարներից են դարձել ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն՝ մոտ 7 տոկոս ցուցանիշներով։ Արտանետումների աճի հիմնական պատճառը հենց ածուխի օգտագործումն էր»,- մեկնաբանել է Նովակը` հավելելով, որ գերմանացիները սկսել են զանգվածաբար վառելափայտ կուտակել:
«Ընդ որում, մարտին Եվրոպայում քամու գեներացման հաշվին էլեկտրաէներգիայի արտադրության անկում էր գրանցվել։ Օրինակ՝ մարտի 14-ից մարտի 20-ը հողմակայաններն ապահովել են ԵՄ-ում էլեկտրաէներգիայի արտադրության միջինում 17 տոկոսը, իսկ մարտի 29-ին այդ ցուցանիշը նվազել էր մինչեւ 7.5 տոկոս՝ ամենացածր արժեքը դեկտեմբերի վերջից ի վեր։
ՕՊԵԿ-ում հայտարարել են, որ չեն կարողանա փոխհատուցել համաշխարհային շուկա ռուսական նավթի մատակարարումների անկումը: «Եթե խոսքը Եվրոպա ածուխի հնարավոր մատակարարների մասին է, ապա խաղադրույք կարելի է կատարել Հարավային Ամերիկայի եւ Հարավային Աֆրիկայի երկրների վրա, սակայն, ըստ փորձագետների, նրանց համար դժվար կլինի ընդունելի գին ապահովել՝ լոգիստիկ զգալի ծախսերի եւ մեծ պահանջարկի պատճառով… Ռուսաստանից էներգիայի աղբյուրների ողջամիտ այլընտրանք այսօր դժվար թե գոյություն ունենա»:
«Ընդգծեմ, որ ստեղծված իրավիճակում ոչ թե գործողությունները, այլ միայն Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների դադարեցման մասին հայտարարություններն են գների աճի հանգեցնում համաշխարհային շուկաներում։ Եթե աշխարհը ոչ թե հիպոթետիկ, այլ ֆիզիկական լուրջ սահմանափակումների բախվի, հիմնական վառելիքի գները կարող են զգալիորեն գերազանցել արդեն իսկ գրանցված պատմական առավելագույնը»: