Իսրայելական բանակը մեկ օրում վեց պաղեստինցի է սպանել
Իսրայելի բանակի կողմից 24 ժամվա ընթացքում սպանվել է Պաղեստինի վեց քաղաքացի։ Այս մասին հայտնում է իսրայելական Haaretz թերթը։
Իսրայելական բանակը նախազգուշացրել է, որ օպերացիան իրականացնում է Հորդանան գետի արեւմտյան ափի ողջ տարածքում։ Զինվորականները ռեյդեր են կազմակերպում, տեղի են ունենում նաեւ բախումներ տեղի դժգոհ բնակիչների հետ։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկու պաղեստինցի գնդակահարվել է Քաֆր Դան քաղաքում իրականացված ռեյդի ժամանակ։ Եւս մի պաղեստինցի մահացել է Բեյթայում բախումների ժամանակ իսրայելական ուժերի կրակոցից ստացված մահացու վնասվածքից:
Չորեքշաբթի՝ ապրիլի 13-ին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ սպանվել է եւս երեք մարդ։ Նրանցից մեկը՝ 14-ամյա պաղեստինցի, սպանվել է քաղաքի կենտրոնում գտնվող Իսրայելի բանակային ուժերի վրա Մոլոտովի կոկտեյլ նետելուց հետո։ Բացի այդ, բախումների ընթացքում վիրավորվել է եւս չորս պաղեստինցի, որոնք հիվանդանոց են տեղափոխվել: Նրանցից մեկի վիճակը ծանր է։ Տուժածներից մեկը 17 տարեկան է։
Իսրայելական բանակը հայտնել է, որ ծեծկռտուքի մասնակիցները զինվորների վրա ինքնաշեն պայթուցիկներ են նետել, ուստի նրանք ստիպված էին կրակ բացել։ Մեկ շաբաթվա ընթացքում Պաղեստինի քաղաքացիների շրջանում զոհերի թիվը հասել է 11 մարդու։ Զինվորական շարքերում կորուստների մասին տեղեկություններ չկան։
Հորդանան գետի արեւմտյան ափին պաղեստինցիների եւ իսրայելական զորքերի միջեւ բախումները սրվել են Ռամադան ամսվա ընթացքում։ Դրան զուգահեռ իսրայելական զինվորականները ռեյդեր են իրականացնում, որոնք սկսվել են վերջին երեք շաբաթվա ընթացքում 12 իսրայելցու եւ Ուկրաինայի երկու քաղաքացու կյանք խլած պաղեստինյան ահաբեկչական հարձակումներից հետո: