Տիգրան Մեծը դրեց ծովից ծով Հայաստանի կործանման սկիզբը, հաղթանակով դրեց. ՔՊ-ական պատգամավոր. news.am (տեսանյութ)
ՔաղաքականԱրցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածը սխալ է ընկալվել, այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
«Կարծում եմ, որ սխալ է ընկալվել, որովհետև այդ բոլորը քննարկման մեջ է»,– ասել է նա՝ հավելելով, որ բոլորն են մտահոգված Արցախի վաղվա օրով և այդ մտահոգությունը յուրաքանչյուրն արտահայտում է իր յուրահատուկ մոտեցումներով։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ական պատգամավորների ելույթներից հանրության մոտ տպավորություն է ստեղծվել, որ Արցախը հանձնվում է Ադրբեջանին, պատգամավորն արձագանքեց․«Մենք Արցախից չենք հրաժարվում և չենք հրաժարվի, որովհետև բոլորս սերտորեն կապված ենք մեր Արցախ աշխարհի հետ, դա մեր հայրենիքի մի մասն է»։
Հարցին, թե երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, հայտարարեց, որ իրեն Արցախի ժողովուրդը չի մանդատ տվել և Արցախի ճակատագիրը կորոշի արցախցին, այդ դեպքում ինչու է հիմա Նիկոլ Փաշինյանը որոշում արցախցու ճակատագիրը, պատգամավոր պատասխանեց, թե Փաշինյանը Արցախի ճակատագիրը չի որոշում։
«Հայաստանի իշխանությունը Հայաստանի ճակատագիրն է որոշում ․․․ Հայաստանը իր շահերը պահելով՝ պահում է նաև Արցախի շահերը։ Հայաստանը առաջին հերթի մտածում է և՛ Հայաստանի, և՛ Արցախի ժողովրդի ապահովության մասին։ Նրանք, ովքեր մտածում են, որ մենք այսօր ինչ–որ ձևով հարվածի տակ ենք դնում դա, շատ սխալվում են։ Ես կասեի հակառակը, մենք այսօր մտածում ենք՝ ինչպես անենք, որ հայ ժողովուրդը՝ կռվող, հաղթող, բայց վերջում տարածքներ կորցնող ժողովրդից վերածվի խաղաղության մեջ ապրող ժողովրդի»,– ասաց նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր ժողովրդի զարգացումը սկսվում է խաղաղությամբ։
«Մենք այսքան գովերգում ենք Տիգրան Մեծին, բայց Տիգրան Մեծը դրեց ծովից ծով Հայաստանի կործանման սկիզբը։ Ո՞նց։ Հաղթանակով դրեց, որովհետև երեսուն տարի Տիգրան Մեծը պատերազմ մղեց, երեսուն տարի 300 000-անոց Հայաստանը դարձրեց 3 միլիոնանոց՝ տարածքով, բայց երեսուն տարի հարյուր հազարավոր մարդիկ զոհվեցին, որոնք պետք է տնտեսություն զարգացնեին, և մեկ օրում Արտաշատում պայմանագիր կնքեց ու բոլորը տվեց․ այն դեպքում, երբ Հայոց աշխարհն արդեն տնտեսապես քայքայված էր։ Դրա համար էլ մի քանի տասնամյակ հետո Հայոց պետականությունը կործանվեց»,– ասել է նա։