Եթե Թուրքիան իսկապես բանակցություններ է ցանկանում, ապա նախ պետք է ճանաչի Կիպրոսի Հանրապետությունը. Նիկոս Անաստասիադիս
Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է բանակցել Կիպրոսի վերամիավորման շուրջ, ապա նախ պետք է ճանաչի Կիպրոսի Հանրապետությունը։ Այս մասին հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը` մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությունը կղզու բնական գազի պաշարների արդարացի բաժանման վերաբերյալ, գրում է Cyprus Mail-ը։
«Պարոն Չավուշօղլուին պետք է ասեմ, որ եթե նա իսկապես ցանկանում է, որպեսզի մենք բանակցենք, ապա առաջին հերթին իրենք պետք է ճանաչեն Կիպրոսի Հանրապետությունը։ Երկրորդ՝ նրանք պետք է ընդունեն մեր առաջարկը. կա՛մ երկխոսություն սկսեն Կիպրոսի եւ Թուրքիայի բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատման գծերը որոշելու համար, կա՛մ դիմեն արբիտրաժ»։
Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրոպան պետք է ջանքեր գործադրի եւ համոզի Կիպրոսի Հանրապետությանը լուծել բաժանված կղզու խնդիրները՝ ելնելով ԵՄ գազի մատակարարման շահերից։