Կարողանալո՞ւ ենք իրականության աչքերին նայել, թե՞ ինքներս մեզ խաբելով գնալու ենք ինքնակործանման. Տարոն Չախոյան
20 և ավելի տարի շարունակ հայ ժողովրդին սնեցին ստերով ու կենացներով, հանրությանը հավատացրին, որ ազգի փրկիչ են, հավատացրին, որ անպարտ ենք, հավատացրին, որ ամբողջ աշխարհը մեր կողմից է, հավատացրին, որ այն ամենը, ինչ արել են և անում են, Արցախի համար է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«Հավատացրին, ես էլ էի հավատացել․․․ ու վստահ եմ, շատերն էին հավատում։ 2020 թվականի պատերազմը պայթեցրեց հանրությանը սնած ստերի այս փուչիկը։
Պարզվեց՝ ամբողջ աշխարհը մեր կողմից չէ։
Պարզվեց, որ սահմանի շատ հատվածներում անգամ սովորական խրամատ չկա, եղածների մեծ մասն էլ կահավորել են կանսեռվի կոկոշներով։
Պարզվեց՝ անգամ բավարար քանակով զրահաբաճկոն չկա։
Պարզվեց, որ ձեռք բերած սպառազինության մի մասն անարդյունավետ է։
Պարզվեց, որ Հայաստանում ու Արցախում տարիներ շարունակ բուծվել են Ադրբեջանի շահերը սպասարկող լրտեսական ցանցեր։
Պարզվեց, որ պատշաճ ձևով չեն կահավորվել ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի սահմանային դիրքերը։
Պարզվեց, որ տարիներով ստերով ու կենացներով կերակրված մեր հանրությունը իրականությունը տեսնելու ու սառը դատելու խնդիր ունի։
Էս շարքը կարելի է անվերջ թվարկել․․․
Հիմա էլ փորձում են հավատացնել, թե նախորդ 20 և ավելի տարիների ընթացքում խաղաղություն է եղել։ Հարց է ծագում, թե այդ դեպքում սահմանին ինչու էին հակառակորդի կողմից սպանվում մեր զինվորները։
Պատմությունը կրկնվում է․․․ Հիմա էլ փորձում են հավատացնել, որ ազգի փրկիչ են, որ ինչ արել են՝ ազգի ու Արցախի համար են արել։ Որ դղյակներ են կառուցել, բյուջեն են թալանել ու ժողովրդին են կեղեքել ազգի ու Արցախի համար։
Հարց է ծագում։
Մենք մեր դառը պատմությունից դասեր քաղելո՞ւ ենք, թե՞ ոչ։
Կարողանալո՞ւ ենք իրականության աչքերին նայել, թե՞ ինքներս մեզ խաբելով գնալու ենք ինքնակործանման»,- Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:։