COVID-19-ի ծայրահեղ դեպքերի ծանրությունն ուժեղացնող մոլեկուլյար ուղին
Գիտնականների միջազգային խումբը՝ Չինաստանի մասնագետների գլխավորությամբ, պարզել է այն մոլեկուլյար ուղին, որն ուժեղացնում է COVID-19-ի ծայրահեղ դեպքերի ծանրությունը։ Ինչպես նշել է Regnum-ը՝ հղում կատարելով «Սինհուա» գործակալությանը, այդ ուղու մասին պատկերացում ունենալը կարող է տալ կորոնավիրուսային վարակի ծանր դեպքերի պոտենցիալ բուժման բանալին։
Science Signaling ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ թոքերի կորոնավիրուսով վարակված բջիջների միահյուսումը կարող է ուժեղացնել բորբոքային ռեակցիաները՝ առաջ բերելով թոքերում իմունային պատասխանների կասկադներ։ Հենց դա է դառնում հիվանդության ծանր ընթացք ունեցող պացիենտների թոքերի ախտահարման պատճառը։
Չինաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի եւ Պեկինի միության Բժշկական քոլեջի գիտնականներն ու նրանց գործընկերներն ուսումնասիրել են կորոնավիրուսային վարակից մահացած պացիենտների հյուսվածքների նմուշները։ Նրանք հայտնաբերել են COVID-19-ի ծայրահեղ դեպքերի եւ թոքերի պնեւմոցիտ անվանվող էպիթելային բջիջների միահյուսման հարաբերակցությունը։ Այդ միահյուսումը նկատվել է նաեւ վիրուսով վարակված մակակաների եւ աճեցվող բջիջների մոտ։
«Մեր տվյալները մատնանշում են այն մեխանիզմը, որի օգնությամբ միահյուսված պնեւմոցիտները COVID-19-ով պացիենտների թոքերում կարող են ուժեղացնել ինտերֆերոնների եւ այլ ցիտոկինների առաջացումը՝ դրանով իսկ խորացնելով հիվանդության ծանրությունը»,- ասել է հոդվածի համահեղինակ Լյու Սյաոմանը։