JPMorgan-ի գլխավոր տնօրենը նախազգուշացնում է ԱՄՆ-ի տնտեսությանը ռեցեսիայով սպառնացող «հզոր ուժերի» մասին
Պատերազմն Ուկրաինայում, բարձր գնաճը եւ Դաշնային պահուստային համակարգի բազեի դիրքորոշումը դրամավարկային քաղաքականության հարցում կարող են զգալիորեն ավելացնել ռեցեսիայի հավանականությունն ԱՄՆ-ում։ Այս մասին ասել է JPMorgan Chase-ի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնը։
«Դրանք շատ հզոր ուժեր են, եւ ինչ-որ պահի դրանք կբախվեն»,- ասել է նա։ «Ոչ ոք չգիտի, թե ինչ կստացվի»։
Դայմոնը նախկինի պես կանխատեսել է տնտեսության համեմատաբար ուժեղ աճ մինչեւ 2022թ. վերջը, բայց ասել է, որ դժվար կլինի վստահ լինել ապագայի հարցում։ Նա գնաճի սպառնալիքը եւ կոշտ դրամավարկային քաղաքականությունը համեմատել է «հորիզոնի ամպրոպաբեր ամպերի հետ, որոնք կարող են անհետանալ, կարող են եւ չանհետանալ»։
Երբ նրան հարցրել են, թե հնարավոր է արդյոք ռեցեսիա, Դայմոնը պատասխանել է՝ «Այո»։
Դայմոնը լիակատար վստահություն չի հայտնել ռեցեսիայի հարցում, բայց նրա կանխատեսման փոփոխությունը հիշեցում է այն մասին, թե որքան փոփոխական է տնտեսական լանդշաֆտը, եւ որքան խոցելի կարող է լինել այն արտաքին աշխարհաքաղաքական ուժերի համար, գրել է Fortune-ը։
Դայմոնը միացել է մի շարք միլիարդատերերի, ներդրողների եւ տնտեսագետների, որոնք նախազգուշացնում են պոտենցիալ ռեցեսիայի մասին, որոնց ցուցակն անշեղորեն մեծանում է մի քանի շաբաթվա ընթացքում։
Ֆինանսների նախկին նախարար Լարի Սամերսը վերջերս Washington Post-ի հոդվածում գրել էր, որ ներկա իրադրությունը շատ նման է մյուս մինչճգնաժամային ժամանակաշրջաններին, իսկ անցած շաբաթ Bank of America-ի վերլուծաբանները հրապարակել էին հաշվետվություն, որը կանխատեսում էր «ռեցեսիայի էլ ավելի մեծ, անխուսափելի շոկ»։
Եվ եթե անգամ ինքը՝ Դայմոնը, ռեցեսիան անխուսափելի չի անվանել, նրա բանկը, ըստ երեւույթին, պատրաստվում է հնարավոր ամեն ինչի։ 2022թ. շահույթների եւ վնասների մասին իր առաջին հաշվետվությունում JPMorgan Chase-ը տեղեկացրել էր, որ 902 մլն դոլարի վարկային պահուստներ է տրամադրել՝ «հիմնականում վատթարացման վտանգի էլ ավելի բարձր հավանականության պատճառով»։
Վարկային պահուստներում հատկացումների մեծացումն անցած տարվա համեմատ JPMorgan Chase-ի շահույթների 42 տոկոս անկման պատճառներից մեկն է։ Անցած տարին անհավանական հաջող էր բանկային հատվածի համար, ուստի անկումը նորմալ է, բայց բանկերը նաեւ տուժել են անսպասելի գործոններից, ներառյալ պատերազմն Ուկրաինայում, մատակարարումների շղթայի եւ գնաճի խնդիրները։
Դայմոնը կրկնել է շահույթների եւ վնասների մասին հաշվետվության հայտարարություններում ներառված իր մռայլ երկարաժամկետ կանխատեսումները համաշխարհային տնտեսության համար։
«Մենք պահպանում ենք լավատեսություն տնտեսության հարցում, համենայն դեպս, կարճաժամկետ հեռանկարի համար. սպառողների եւ բիզնեսի հաշվեկշիռները, ինչպես նաեւ սպառողական ծախսերը կմնան առողջ մակարդակում, բայց առջեւում տեսնում ենք լուրջ աշխարհաքաղաքական եւ տնտեսական խնդիրներ՝ բարձր գնաճի, մատակարարումների շղթայի եւ Ուկրաինայում պատերազմի պատճառով»,- գրել է Դայմոնը։
Հինգշաբթի Goldman Sachs-ը հայտարարել էր 42 տոկոսով շահույթի անկման մասին, այն դեպում, երբ Citigroup-ում այդ անկումը կազմել էր 46 տոկոս։
Եկամուտների մասին իր հաշվետվությունում Citi-ն հայտարարել էր, որ պահուստավորում է 1,9 մլրդ դոլար՝ Ռուսաստանի բանկի հետ աշխատանքով պայմանավորված՝ վարկերի գծով հնարավոր կորուստների եւ մակրոտնտեսական միջավայրի վրա Ուկրաինայում հակամարտության «ավելի լայն ազդեցության» հաշվարկից ելնելով։