Ֆրանսիայի իշխանությունները սառեցրել են ռուսաստանցի գործարարներին պատկանող անշարժ գույքի 33 օբյեկտ
Ֆրանսիայի իշխանությունները սառեցրել են Ֆրանսիական Ռիվիերայում, Փարիզում եւ այլ վայրերում գտնվող անշարժ գույքի 33 օբյեկտ, որոնք պատկանում են ռուսաստանցի գործարարների, տեղեկացրել է AP-ը։
Ֆինանսների նախարարությունը հրապարակել է ռուսական սեփականության թարմացված ցուցակը։ Այդ սեփականությունը Ֆրանսիայում, այդ թվում Անթիբի հրվանդանում Միջերկրական ծովի վրա բացվող շքեղ դղյակը (տեղեկացվել է, որ այն պատկանում էր պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչին), սառեցվել է։
33 օբյեկտների ընդհանուր արժեքը ավելի քան կես միլիարդ եվրո է գնահատվել։ Ի տարբերություն կալանքի տակ վերցված կամ բռնագրավված գույքի՝ սառեցված գույքը նախկինի պես պատկանում է նրա սեփականատերերին, եւ նրանք կարող են շարունակել ապրել այնտեղ։ Բայց դրանք չի կարելի վաճառել կամ վարձով տալ։
Ֆրանսիայում սառեցված կամ կալանքի տակ վերցված ռուսական ակտիվների ընդհանուր արժեքը ներկայում մոտենում է 24 մլրդ եվրոյի, որոնցից մոտ 23 միլիարդը բաժին է ընկնում Ռուսաստանի կենտրոնական բանկի սառեցված ֆինանսական ակտիվներին։ Բացի ֆինանսական ակտիվներից եւ գույքից, Ֆրանսիայի իշխանությունները սառեցրել կամ բռնագրավել են նաեւ երեք զբոսանավ եւ չորս տրանսպորտային նավ, ինչպես նաեւ վեց ուղղաթիռ ու արվեստի երեք ստեղծագործություն։