ԿՀՎ-ի տնօրենը Չինաստանը համարում է 21-րդ դարի «ամենակարեւոր աշխարհաքաղաքական մարտահրավերը»
ԿՀՎ-ի տնօրեն Ուիլյամ Բեռնսը Չինաստանը համարում է 21-րդ դարի «ամենակարեւոր աշխարհաքաղաքական մարտահրավերը»։
Ելույթ ունենալով Ջորջիայի Տեխնոլոգիական ինստիտուտում՝ Բեռնսը ասել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը «լռակյաց գործընկեր» է Ուկրաինայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ագրեսիայի» հարցում՝ նախազգուշացնելով, որ Չինաստանը «ամենամեծ մարտահրավերն» ու «ամենամեծ լուրջ փորձությունն» է, որին երբեւէ բախվել է ԿՀՎ-ն, տեղեկացրել է Fox News-ը։
«Սա ավելի բարդ եւ հակասական աշխարհ է, որտեղ էլ ավելի թշնամական Չինաստանն ու ռեւիզիոնիստական Ռուսաստանը թափ են հավաքում»,- ասել է Բեռնսը՝ նշելով, որ ԿՀՎ-ն «ստիպված է վերիմաստավորել ռազմավարությունը, որպեսզի հաջող մրցակցի այս նոր դարաշրջանում»։
Բեռնսը նշել է «անմիջական սպառնալիքի մասին, որը բխում է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի վերսկսումից» եւ «երկարաժամկետ խնդրից, որը ստեղծում է Չինաստանի հավակնոտ ղեկավարությունը»՝ դա անվանելով 21-րդ դարի «ամենակարեւոր աշխարհաքաղաքական մարտահրավերը»։ «Պուտինյան ագրեսիայի լռակյաց գործընկերը՝ Սի Ծինփինի Չինաստանը, մեր ամենամեծ խնդիրն է, շատ առումներով՝ ամենալուրջ փորձությունը, որին երբեւէ բախվել է ԿՀՎ-ն»,- նախազգուշացրել է Բեռնսը՝ Չինաստանն անվանելով «ահեղ մրցակից»։
«Նա ձգտում է մեզանից առաջ անցնել գրեթե բոլոր ոլորտներում՝ տնտեսականից մինչեւ ռազմական հզորություն ու տիեզերքից մինչեւ կիբեռտարածք»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Չինաստանը «մտադիր է փոխարինել Միացյալ Նահանգներին որպես «մեծ տերություն Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»։
Որպես հետախուզական ծառայություն՝ մենք երբեք ստիպված չենք եղել գործ ունենալ մի հակառակորդի հետ, որն այսքան մեծ ընդգրկում ունի այսքան մեծ տարածաշրջանում»,- ասել է Բեռնսը։