Խորհրդարանը պետք է մասնակից լինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. նոր նախագիծ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել նոր նախագծով՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» անվամբ: Նախագծով հիմնական զեկուցողը լինելու է խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Նախագծում մանրամասն ներկայացված է, թե ընդդիմադիր խմբակցությունը ինչպես է տեսնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ապագան։ Նրանք ընդգծում են, թե այս կարգավորումների հարցում պետք է իր դերակատարումը ունենա նաեւ խորհրդարանը: Նախագծում նշվում է. «Կայուն խաղաղության եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման գործընթացում ազգային պետական շահերի գերակայությունն ապահովելու Հայաստանի հանձնառությունը. անհրաժեշտ է առաջնորդվել կենսական զիջումները բացառող եւ հայության հավաքական կամքն արտահայտող փաստաթղթերով ամրագրված իրավաքաղաքական նպատակադրումներով:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը չի կարող ուղղակի կամ անուղղակի պայմանավորվել եւ ծառայեցվել Ադրբեջանի պահանջների բավարարմանը»: Հավելենք, որ առաջիկայում կրկին սպասվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հերթական հանդիպումը բանագնացների միջեւ. այս անգամ այն կանցկացվի Վիեննայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: