Իրանը գործարկել է ուրանի հարստացման ցենտրիֆուգների մասերի արտադրության գործարանը
Իրանը Նաթանզ քաղաքում շահագործման է հանձնել ուրանի հարստացման ցենտրիֆուգների մասերի արտադրության նոր գործարան։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցին։
«2022 թվականի ապրիլի 13-ին Իրանը գործակալությանը տեղեկացրել է, որ մեխանիզմները գործարկվելու են նույն օրը»,- ասվում է կազմակերպության զեկույցում՝ չհստակեցնելով, թե արդյոք համոզված է, որ գործողությունը սկսվել է։
Գործակալության տվյալներով՝ Իրանը համապատասխան սարքավորումները Քարաջ քաղաքում գտնվող իր փակ օբյեկտից տեղափոխել է Նաթանզ։
Կազմակերպության հաղորդագրության համաձայն՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ապրիլի 12-ին ավարտել է նոր օբյեկտում հսկողության տեսախցիկների տեղադրումը։ Նրա գտնվելու վայրը չի նշվում: Գործակալությանը հասանելի չեն հսկողության տեսախցիկների և այլ սարքերի կողմից հավաքագրված տվյալները, ինչպիսիք են ցենտրիֆուգների մասերի արտադրամասերը, պարզաբանել է Reuters-ը:
2021 թվականի սեպտեմբերի 7-ին ՄԱԳԱՏԷ-ն իր եռամսյակային զեկույցում նշել է, որ Իրանում 60 տոկոս հարստացված ուրանի պաշարները 2,4 կգ-ից հասել են 10 կգ-ի։ Նույն թվականի հունիսի 15-ին Իրանի կառավարությունը հայտարարել է, որ պետությունը հարստացրել է 108 կգ ուրան մինչև 20%: