ՌՆԹ պատվաստանյութերը կարող են լուրջ կողմնակի ազդեցություններ առաջացնել տղամարդկանց համար
ՌՆԹ պատվաստանյութերը կարող են լուրջ կողմնակի ազդեցություններ առաջացնել տղամարդկանց համար եւ բարձրացնել միոպերիկարդիտի առաջացման վտանգը։ Այդ հիվանդությունը բնութագրվում է սրտամկանի եւ նրա շուրջ գտնվող հյուսվածքների բորբոքմամբ։ Այս մասին նախազգուշացրել են Ազգային համալսարանի հոսպիտալի (Սինգապուր) գիտնականները։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Lancet Respiratory Medicine ամսագրում։
Հետազոտության հեղինակները ցանկացել են պարզել, թե ինչ հաճախակիությամբ են կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումները հանգեցնում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացման։ Դրա համար նրանք ուսումնասիրել են 395 մլն պատվաստվածների տվյալները, որոնք ապրել են մոլորակի տարբեր անկյուններում, ինչպես նաեւ պատվաստված են եղել վերջին երկու տարվա ընթացքում։
Պարզվել է, որ միոպերիկարդիտով հիվանդանալու վտանգն իսկապես բարձրացել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների կիրառման հետեւանքով, բայց պետք է նշել, որ նման դեպքեր գրանցվել են պատվաստանյութերի միլիոն դեղաչափից ընդամենը 33-ի դեպքում։ Սակայն փորձարկվողների խմբերից մեկում (մինչեւ 30 տարեկան երիտասարդ տղամարդիկ) հիվանդանալու հավանականությունն էապես բարձր էր. սրտի հյուսվածքների բորբոքում առաջացել էր 4-5 անգամ ավելի հաճախ Pfizer եւ Moderna ընկերությունների ՌՆԹ պատվաստանյութերի կիրառումից հետո, ի տարբերություն այլ արտադրողների պատվաստանյութերի։