ՌԴ ԱԳՆ-ն նշել է ԵՏՄ երկրների՝ դոլարով հաշվարկներից հրաժարվելու ձգտման մասին
Եվրասիական տնտեսական միության երկրները ձգտում են հրաժարվել ամերիկյան արժույթից ներքին առեւտրում, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը։
«Զգալի ուշադրություն է հատկացվում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների ավելի լայն օգտագործմանը եւ դոլարի օգտագործումից հրաժարվելուն»,- հավաստիացրել է դիվանագետը։
Նա հիշեցրել է, որ դեռեւս մինչեւ Ռուսաստանի ֆինանսական եւ բանկային համակարգերի դեմ աննախադեպ պատժամիջոցներ մտցնելը ազգային արժույթների բաժինը ԵՏՄ-ի ներսում գերազանցում էր 70 տոկոսը։
Եվդոկիմովի խոսքով՝ արեւմտյան երկրները ձգտում են խափանել ինտեգրացիոն գործընթացներն Անկախ պետությունների համագործակցությունում։ Դրան հակազդելու համար անհրաժեշտ է ադապտացնել առկա մեխանիզմներն անվտանգության ոլորտում եւ համակարգել աշխատանքը ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի եւ ՇՀԿ-ի շրջանակներում։