Նորվեգական հալված սառցադաշտում հինավուրց կաշվե կոշիկ է հայտնաբերվել
Նորվեգիայում լեռնանցքներից մեկի վրա սառցադաշտ կա։ Այն կոչվում է Հեստֆոնի, եւ հնագետներն արդեն երկար ժամանակ ուսումնասիրում են այն։ Ենթադրվում է, որ այս լեռնանցքով անասուններ են քշվել, քանի որ ձիերի հետ կապված բազմաթիվ արտեֆակտներ են հայտնաբերվել, այդ թվում՝ պայտեր ու ոսկորներ, հայտնում է Planet-today-ը։
Քանի որ սառցադաշտը հալվում է, մասնագետների համար նոր գտածոներ ստանալու հնարավորություն է բացվում: Այսպես է հայտնաբերվել մասամբ պահպանված կաշվե կոշիկը։ Ըստ վերլուծությունների՝ այն պատրաստվել է մ.թ.ա. մոտ 300թ․։ Բացի կաշվե կոշիկից, հայտնաբերվել են տեքստիլի փոքր կտորներ՝ մոտավորապես նույն ժամանակաշրջանի։
Ըստ ամենայնի, հին անասնաբույծները շատ ակտիվորեն օգտվել են լեռնանցքից։ Նախկինում գիտնականներն այնտեղ քարե շինությունների հետքեր էին գտել, հավանաբար դրանք վատ եղանակից պաշտպանվելու համար են ստեղծվոլ: Հայտնաբերվել են նաեւ նետ ու աղեղի եւ որսորդական այլ պարագաների բեկորներ։
Սառցադաշտը շարունակում է նահանջել, ուստի հնագետները չեն պատրաստվում դադարեցնել իրենց որոնումները։ Ընդհակառակը, տարեցտարի ավելի ու ավելի մեծ է նոր ու հետաքրքիր որեւէ բան գտնելու հնարավորությունը։ Սառցադաշտային հնագիտությունն արդեն դարձել է հիմնական գիտության անկախ ճյուղ: Հինավուրց սառույցները թույլ են տալիս ավելի լավ պահպանել մեր նախնիների հետքերը՝ հարյուրամյակներ պահելով դրանք սառած: