Կրեմլը՝ Մեդվեդչուկին փոխանակելու Զելենսկու առաջարկի մասին
Ուկրաինայի Անվտանգության ծառայության կողմից նախօրեին ձերբակալված «Ընդդիմադիր պլատֆորմ - Կյանքի համար» կուսակցության քաղխորհրդի ղեկավար, ժողովրդական պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկը Ռուսաստանի քաղաքացի չէ և որևէ առնչություն չունի Ռուսաստանի` Ուկրաինայում ռազմական գործողության հետ, ասել է ՌԴ նախագահի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Մեդվեդչուկի հնարավոր փոխանակման հարցին, որն ավելի վաղ առաջարկել էր նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այդ մասին գրում է РБК-ն։
Պեսկովը նաև շնորհակալություն է հայտնել Մեդվեդչուկին` վերջին տարիներին ձերբակալվածների փոխանակում կազմակերպելու և մարդասիրական այլ հարցեր լուծելու համար։
«Եվ մենք, և, անկասկած, Դոնբասի իշխանությունները, իհարկե, շատ երախտապարտ ենք Մեդվեդչուկին՝ վերջին մի քանի տարիների ընթացքում ձերբակալվածների փոխանակումը կազմակերպելու և մարդասիրական այլ հարցեր լուծելու համար, որոնց նա ներգրավված է եղել։ Նա դա արել է նաև Կիևի իշխանությունների անմիջական խնդրանքով»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մեդվեդչուկը միշտ հանդես է եկել խաղաղության օգտին՝ ընդդեմ Դոնբասում հակամարտության ընդլայնման։
Ապրիլի 12-ի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել էր Մեդվեդչուկի լուսանկարը՝ ձեռնաշղթաներով և քողարկված հագուստով։ Նա շնորհակալություն էր հայտնել Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը հատուկ գործողության անցկացման համար։ Ավելի ուշ Ուկրաինայի հատուկ ծառայությունը հաստատել էր Մեդվեդչուկի կալանավորումը։
Զելենսկին առաջարկել էր Ռուսաստանին փոխանակել Մեդվեդչուկին «ռուսական գերության մեջ գտնվող մեր տղաների և աղջիկների հետ»:
«Ես հատկապես ցինիկ եմ համարում նրա կողմից ռազմական կամուֆլյաժ օգտագործելը։ Փորձել է այդպես քողարկվել: Ահա այսպիսի «ռազմիկ»: Ահա այսպիսի «հայրենասեր»: Դե, եթե Մեդվեդչուկն ինքն է ընտրել զինվորական համազգեստ, նա ընկնում է պատերազմի ժամանակների կանոնների տակ»,- ասել էր նա։