Մակրոնը վիրավորել է Պուտինին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Le Point շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն իր հարձակումը կենտրոնացրել է Դոնբասի վրա և նպատակ ունի հաղթանակի հասնել մինչև մայիսի 9-ը։ Այս մասին ապրիլի 12-ին հայտնել է BFM հեռուստաալիքը։
Մակրոնն ասել է, որ Պուտինն իր հայացքն ուղղել է «մայիսի 9-ի փառահեղ զորահանդեսին», և դժվար թե կարճաժամկետ հեռանկարում նրան բերեն բանակցությունների սեղանի շուրջ։
Խոսելով պատճառների մասին, որոնք դրդեցին իր ռուս գործընկերոջը ներխուժել Ուկրաինա՝ նա ընդգծել է, որ «Պուտինի վիրավորվածությունը վերածվել է պարանոյայի»։
«Եվ Պուտինի մեկուսացումը միայն ամրապնդեց իրավիճակը 2014 թվականի պատժամիջոցներից հետո։ Չի կարելի թերագնահատել նաև COVID-ի դերը... Նա ամիսներ շարունակ Սոչիում էր, կողպված էր, քիչ էր շփվում այլ քաղաքական գործիչների հետ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնը բացատրել է նաև ռուս գործընկերոջ հետ իր բազմաթիվ հեռախոսազրույցները։
«Եթե նա ուրիշի հետ չի խոսում, ուրեմն մենք չգիտենք, թե որքան հեռու կարող է գնալ»,- ասել է քաղաքական գործիչը։