Ադրբեջանի նախագահը հրապարակավ խոստովանել է, որ խախտել է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը
Ադրբեջանի նախագահը հրապարակավ խոստովանել է, որ խախտել է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
Նախօրեին կառավարության նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահը բազմաթիվ ուշագրավ հայտարարություններ է արել, այդ թվում՝ սպառնալով Ռուսաստանին, եթե վերջինս շարունակի զինել Հայաստանին։ Սակայն իր ստորագրած հայտարարության խախտման մասին Ալիեւի կողմից հրապարակային խոստովանությունը կարելի է համարել «ամենաթարմ» ձեռքբերումը։
Այս անգամ Ալիեւը հայտարարել է հետեւյալը. «Խաչինչայի ջրամբարը գտնվում է անմիջապես Ֆարուխ լեռան տակ՝ անմիջապես Ֆարուխ գյուղի վերեւում, եւ հայերի մարտական դիրքերը վտանգել են այդ ջրամբարի շահագործումը։ Դա մեծ վտանգի աղբյուր է։ Այստեղից եւ այլ գյուղերից մի քանի անգամ կրակ է բացվել Աղդամի ուղղությամբ։ Ֆարուխ լեռը, իմ կարծիքով, հիմա հայտնի է ամբողջ աշխարհում, եւ Ադրբեջանի մեծ լեռը՝ Ֆարուխ լեռը, այժմ մեր վերահսկողության տակ է, այնտեղ ադրբեջանական դրոշն է ծածանվում։ Ֆարուխ լեռը մեծ նշանակություն ունի Խաչինչայի անվտանգության եւ այդ ջրամբարի օգտագործման համար։ Դրանից հետո նախատեսվում է վերանորոգել Աշագի Կոնդելենչայ, Կոնդելենչայ-1 եւ Կոնդելենչայ-2 ջրամբարները։ Նախատեսվում է վերակառուցել Տերտերչայի ձախափնյա ջրանցքը, Աղդամի, Ֆիզուլիի եւ Ջեբրայիլի շրջանների ջրային տնտեսությունների համալիրը»,-նրա խոսքը մեջբերում է haqqin.az-ը։
Կրկնում ենք՝ Իլհամ Ալիեւը խոստովանել է, որ ադրբեջանցի զինվորականները խախտել են Հայտարարության հենց առաջին կետը, որի համաձայն՝ «կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։
Հայաստանում լավ գիտեն, թե ինչպես է Ադրբեջանը «պահում խոստումները» եւ «կատարում իր պարտավորությունները»։ Կարծում եմ՝ Ադրբեջանի այս «առանձնահատկությունը» հաշվի են առնում նաեւ հայտարարությունը ստորագրած մյուս կողմերը։