Թուրքիան բարձրացրել է պատրաստվածության մակարդակը՝ ծովում լողացող ականների սպառնալիքի պատճառով
Թուրքիան բարձրացրել է ականազերծման ստորաբաժանումների եւ այլ ծառայությունների պատրաստվածության մակարդակը՝ ականների պահպանվող սպառնալիքի պատճառով։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Ականներ հայտնաբերելու մեր նավերը, ինքնաթիռները, ուղղաթիռները, ԱԹՍ-ները եւ սակրավորները բարձր պատրաստվածության են բերվել։ Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին: Ահազանգի դեպքում մեր ուժերն անմիջապես արձագանքում են»,- NTV-ն մեջբերում է նախարարի խոսքերը:
Նա նաեւ նշել է, որ «Սեւ ծովում ականների հետ կապված իրավիճակը Բոսֆորի նեղուցում ծովային երթեւեկության հետ կապված դժվարությունների չի հանգեցրել»: «Յուրաքանչյուր ծանուցում մանրազնին գնահատվում է: Ականներ հայտնաբերելուց հետո դրանք անվտանգ տարածք ենք տեղափոխում եւ վնասազերծում՝ չվնասելով շրջակա միջավայրին։ Նեղուցում երթեւեկությունը շարունակվում է բնականոն հունով, դժվարություններ չկան»,- ասել է Աքարը։
Պաշտպանության նախարարության ղեկավարը հայտնել է, որ «այս պահին Բոսֆորի մոտ ականազերծվել է երեք ական»։ «Հաղորդվում են որոշ թվեր՝ լողացող ականների քանակի հետ կապված։ Մենք դրանք հաստատել չենք կարող, ստույգ տվյալներ չունենք, բայց զգոն կմնանք»,- ասել է նա: