Բաքուն փորձում է կոմունիկացիաների բացման գործընթացը փակուղի մտցնել, այնպես անել,որ ՀՀ շրջափակումն ավելի խորանա.Փաշինյան
Խաղաղության բանակցությունների կազմակերպման բուն գործընթացի հետ կապված մեր դիրքորոշումները ֆիքսելով, մենք այն ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների միջոցով փոխանցել էինք Ադրբեջանին, արձանագրել, որ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին եւ համանախագահությանը խնդրել էինք աջակցել խաղաղության բանակցությունների կազմակերպման գործում կամ կազմակերպել այդ բանակցությունները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում կառավարության 2021 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները եւ այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ եւ շփումներ: Այս տեղեկատվության հրապարակումից հետո մեր հասցեին հնչեց քննադատություն, թե մենք փաստորեն հրաժարվել ենք ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցություններ իրականացնելու գաղափարից:
Իրականությունը մի փոքր այլ է: Մենք այդ գաղափարից չենք հրաժարվել, պաշտպանում ենք այդ գաղափարը, բայց նաեւ գիտեք, որ Ուկրաինայի իրադարձությունների բերումով համանախագահության ներսում հարաբերությունները ծայրաստիճան լարված են: Այդ լարվածությունը, ի դեպ, սկիզբ էր առել դեռ 2011 թվականին՝ Սիրիայի իրադարձություններից, ինչը անխուսափելիորեն ազդեցություն ունեցավ մեր տարածաշրջանային զարգացումների վրա: Եւ հիմա էլ, այդ լարվածությունը հաշվի առնելով մենք չենք կարող պասիվ սպասել համանախագահության գործողություններին, մյուս կողմից երկկողմ խոսակցությունների մեկնարկը որեւէ կերպ չի արգելում համանախագահության ներգրավումը գործընթացում: Եվ մենք պաշտպանելու ենք այդ գաղափարը:
Եվ այո, մեր համոզմունքն այն է, որ գործընթացի նախապատրաստությունը պետք է մեկնարկել անհետաձգելիորեն եւ պետք է հուսալ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունները կկարողանան տրված հանձնարարականները պատշաճ ժամանակում կատարել: Կարեւոր է արձանագրել, որ այսօր ողջ միջազգային հանրությունը գործընթացին աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերում եւ այս պատեհությունը պետք է իսկապես օգտագործել:
Չնայած՝ անզեն աչքով էլ նկատելի է խաղաղության օրակարգի մի շարք հարցերում միջազգային գործընկերների անմիջական ներգրավվածությունը: Գիտեք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խումբ է գործում փոխվարչապետերի համանախագահությամբ: Սա չի խանգարում, որ այս հարցը մենք քննարկենք նաեւ ԵՄ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Իրանի, Վրաստանի մեր գործընկերների հետ: Նաեւ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվեցինք ակտիվացնել եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները:
Ադրբեջանը, ի դեպ, այստեղ էլ փորձում է գործընթացը փակուղի մտցնել, ճանապարհների բացման հարցում մեր շահագրգռությունը փորձ անելով վերածել միջանցքային խոսակցության: Բայց ինչպես բազմիցս արձանագրել եմ, այս մոտեցումը բացարձակապես անընդունելի է մեզ համար:
Ուշադրության է արժանի այն փաստը, որ Ադրբեջանը փորձում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգը իրականացնել այնպես, որ դրա արդյունքում Հայաստանի շրջափակումը ոչ թե հաղթահարվի, այլ ընդհակառակը՝ ավելի խորանա: Կամ էլ՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության նոր հիմնավորում դառնա: Այս է պատճառը, որ մենք այս հարցում պիտի ցուցաբերենք մաքսիմալ ճկունություն միեւնույն ժամանակ հստակ պաշտպանելով մեր սկզբունքային դիրքորոշումներն ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,-հայտարարեց Փաշինյանը: