ԱՀԿ-ն տեղեկացրել է աշխարհում մեկ շաբաթում COVID-19-ով վարակվածների թվի 24 տոկոս նվազման մասին
Անցած շաբաթ գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 7 մլն դեպք, ավելի քան 22 հազար մարդ մահացել է։ Մահվան դեպքերի թիվը նվազել է 18 տոկոսով՝ նախորդ յոթ օրերի համեմատ, իսկ վարակման դեպքերի թիվը՝ 24 տոկոսով, չորեքշաբթի գիշեր տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
Ինչպես նշվել է նրա ամենշաբաթյա տեղեկագրում, «ապրիլի 4-10-ը COVID-19-ի նոր դեպքերի եւ մահերի թիվը շարունակում էր նվազել երրորդ շաբաթն անընդմեջ»։ Նախորդ շաբաթվա համեմատ՝ այդ նվազումը կազմել է 24 եւ 18 տոկոս համապատասխանաբար. ԱՀԿ-ում տեղեկություններ են ստացվել 7 221 651 մարդու վարակման եւ 22 336 մահվան դեպքերի մասին։
Նախորդ շաբաթվա (մարտի 28 – ապրիլի 3) համեմատ նվազում գրանցվել է ԱՀԿ-ի բոլոր վեց տարածաշրջաններում։ Դա հատկապես նկատելի է եղել Եվրոպայում (-26 տոկոս), Ամերիկայում (-26 տոկոս) եւ Աֆրիկայում (-17 տոկոս)։ Բոլոր տարածաշրջաններում գրանցվել է նաեւ մահացության նվազում, ընդ որում՝ դա հատկապես նկատելի է Աֆրիկայում (-73 տոկոս) եւ Արեւմտա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (-21 տոկոս)։
Կորեայի Հանրապետությունը տեղեկացրել է մեկ շաբաթում վարակվածների ամենամեծ թվի մասին՝ 1 459 454։ Հաջորդում են Գերմանիան (1 019 649), Ֆրանսիան (927 073), Վիետնամը (453 647) եւ Իտալիան (447 322)։ ԱՄՆ-ում յոթ օրում գրանցվել են ամենից շատ մահացության դեպքերը՝ 3 682։ Հաջորդում են Կորեայի Հանրապետությունը (2 186), Ռուսաստանը (2 008), Գերմանիան (1 686) եւ Բրազիլիան (1 120), նշվել է ԱՀԿ-ի տեղեկագրում։
ԱՀԿ-ն տեղեկություններ է ստացել 497 960 492 վարակվածի եւ 6 181 850 մահացածի մասին։ Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 736 460-ով, մահվան դեպքերինը՝ 1 986-ով։