Զելենսկին հրապարակել է Վիկտոր Մեդվեդչուկի լուսանկարը, որում նա ձեռնաշղթաներով է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում հրապարակել է «Ընդդիմադիր պլատֆորմ՝ Հանուն կյանքի» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկի լուսանկարը, որտեղ նա ձեռնաշղթաներով է։
«Ուկրաինայի ԱԽ-ի շնորհիվ հատուկ գործողություն է իրականացվել։ Ապրեք։ Մանրամասներն՝ ավելի ուշ»,- գրել է Զելենսկին։
Մարտի 18-ին Լվովի Լիչակովսկի շրջանային դատարանը հեռակա ձերբակալել է Վիկտոր Մեդվեդչուկին, որը ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո փախել էր տնային կալանքից։ Քաղաքական գործչի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Նա տնային կալանքի տակ էր 2021թ․ մայիսից։ Ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի ղեկավարը կասկածյալ է պետական դավաճանության, պատերազմի օրենքների ու սովորույթների խախտման, ահաբեկչությանը նպաստելու, Ղրիմում օգտակար հանածոների հանքավայրերի յուրացման գործով։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վիկտոր Մեդվեդչուկին կալանավորելու մասին տեղեկությունը՝ հայտարարելով, որ չի կարող ասել, թե որքանով են այդ լուրերը համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ այս մասին առանց որեւէ ապացույցի խոսելը սխալ կլիներ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մատնանշել է բազմաթիվ կեղծիքները, որոնք «պրոֆեսիոնալ կամ ոչ պրոֆեսիոնալ կերպով» պատրաստում են Ուկրաինայում՝ միջազգային PR գործակալությունների տարբեր ներկայացուցիչների օգնությամբ, գրում է Lenta-ն։