Նոր զարգացումներ` տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման հարցում
CNN-ի թուրքական ծառայության կայքում հրապարակված «5 ուղղությամբ դիվանագիտություն» հոդվածում անդրադարձ է կատարվել Հայաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի ու Եգիպտոսի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի նախաձեռնություններին:
Դրանում նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP), որ այդ ուղղություններով քայլեր են ձեռնարկվել և սպասվում են նոր զարգացումներ, փոխանցում է Ermenihaber-ը։
Չավուշօղլուն շեշտել է, որ ԱՄԷ ու Սաուդյան Արաբիայի հետ կարգավորման հարցում արդեն բավական առաջ են շարժվել: Իսրայելի վերաբերյալ էլ ասել է, որ շարունակաբար փոխադարձ այցելություններ կլինեն: Նա նշել է նաև, որ Պաղեստինը հանգիստ է վերաբերվում Թուրքիայի ու Իսրայելի շփումներին:
Եգիպտոսի թեմայով էլ ասել է, որ նախատեսում են Ստամբուլում հանդիպում անցկացնել այդ երկրի արտգործնախարարի հետ:
Իսկ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից՝ Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ գործընթացը իրականացնում են Ադրբեջանի հետ համակարգմամբ:
Հոդվածի հեղինակն էլ հիշեցնում է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին Չավուշօղլուն հանդիպել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ շեշտելով, որ դրանով նոր որակ է հաղորդվել երկար ժամանակ առկախված հարաբերություններին: