Բելառուսի զինված ուժերը կուժեղացնեն Ուկրաինայի հետ սահմանի պաշտպանությունը
Բելառուսի զինվորականները շարունակում են ռոտացիոն սկզբունքով առաջադրանքներ կատարել Բելառուսի և Ուկրաինայի միջև սահմանի տարբեր հատվածներն ամրապնդելու համար, երեքշաբթի ասվում է Հանրապետության պաշտպանության նախարարության Telegram ալիքի հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, գումարտակային մարտավարական խմբերից մեկը ժամանել է Գոմելի շրջան առաջադրանքներ կատարելու։
«Կարևոր ճանապարհներ և էստակադաներ հսկողության տակ են վերցվել, մեքենաները զննում են, շարունակվում է գրավված դիրքերի ինժեներական կահավորումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության ֆոնին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել էր 10-ի հասցնել գումարտակային խմբերի թիվը, որոնք ներգրավված են Հանրապետության հարավային սահմանի պաշտպանության ամրապնդման գործում։ Բացի դրանից, նա խնդիր է դրել ջանքերը կենտրոնացնել պետական սահմանի պաշտպանության արևմտյան ուղղությամբ։
Բելառուսի սահմանային կոմիտեն հայտնել է, որ, հաշվի առնելով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի սրումը, ուժեղացվել է սահմանային անվտանգությունը երկրի արևմուտքում և հարավում։ Ուկրաինայի հետ սահմանի լրացուցիչ ծածկույթի շրջանակներում ներգրավված են սահմանապահ խմբերի և ջոկատների պահեստազորը, ինչպես նաև պաշտպանության նախարարության ստորաբաժանումները։