Բելգիայում օմիկրոն շտամի նոր տարբերակով վարակման դեպք է գրանցվել
Բելգիայում կորոնավիրուսի BA.4 օմիկրոն շտամի նոր տարբերակով վարակման դեպք է գրանցվել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Belga գործակալությունը՝ վկայակոչելով Լեւենի կաթոլիկ համալսարանի վիրուսաբաններ Մարկ վան Ռանսթին եւ Պիետ Մասին։
Նմուշը հայտնաբերվել է Վալոնիայում (Բելգիայի ֆրանսախոս հատված), այնուհետեւ վերլուծվել Բրյուսելի Ազատ համալսարանում:
Ըստ վան Ռանսթի՝ կորոնավիրուսային շտամների նոր տարբերակների առաջանալն ինքնին կարեւոր իրադարձություն չէ։ «Վիրուսները մուտացիաներ են կուտակում, դրանք միշտ էլ անում են դա: Նոր տարբերակներ դեռ կհայտնվեն»,- գործակալությունը մեջբերում է վիրուսաբանի խոսքերը:
Նա նաեւ հավելել է, որ օմիկրոնի նոր տարբերակների հայտնվելն ավելի լավ է, քան կորոնավիրուսի սկզբունքորեն նոր շտամի առաջացումը: