Հետ նահանջով, ողորմություն խնդրելով խաղաղություն չեն ձեւավորում. Սեյրան Օհանյան
Մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի այս երկրի րեւէ իշխանություն, որեւէ անձ թույլ չտա այնպիսի վտանգավոր երեւույթներ, որոնք ուղղված են Հայաստանի ինքնիշխանության եւ Արցախի ինքնորոշման հեռանկարի դեմ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ի բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Այս իշխանություններն իրենք են, որ երկիրը տարել են պատերազմի, բայց դրանք հենց այնպես խոսքեր չեն: Իրենք պատերազմի ժամանակ ոչինչ չեն արել, որ համախմբեն հայ ժողովրդի ամբողջ ներուժը՝ պաշտպանելու Արցախը: Ոչինչ չեն արել հետագայում պաշտպանելու ՀՀ սահմանները: Ադրբեջանցին ներխուժել է Հայաստանի սահմաններ, իսկ այսօր էլ բանակցային գործընթացում կուրորեն գնում են թուրք-ադրբեջանական խաբկանքի մեջ, «խաղաղության դարաշրջան» ասածի տակ թուրք-ադրբեջանական խաբկանքի տակ են գտնվում»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ այսօր բանակցողները պետք է փոխվեն, որովհետեւ պարտված իշխանություններն անընդհատ գտնվում են պարտադրանքի, թելադրանքի, ճնշման տակ, իսկ իրենք իրենց քայլերով կարմիր գծերն են ընդգծում, որից այն կողմ որեւէ քայլ չի կարող լինել:
Անդրադառնալով ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ ինքն Արցախ չի գնում, որ սադրանքի տեղիք չտա, կրակոցներ չլինեն, Սեյրան Օհանյանն ասաց. «Այդ դեպքում պետք է հարց տալ նրանց՝ ինչու էին մինչեւ պատերազմը ասում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, տարբեր միջոցառումներ, հանրահավաքներ կազմակերպում Արցախում: Եթե այդ ինտենսիվությամբ իրենք պատերազմի ժամանակ լինեին Արցախում, այս պարտությունը չէր լինի: Նրանք Արցախը տարել են պատերազմի, Հայաստանը տարել են պարտության:
Այսպիսի քայլերով, հետ նահանջով, ողորմություն խնդրելով խաղաղություն չեն ձեւավորում: Խաղաղությունը պահպանվում է ազգային եւ միջազգային երաշխիքներով: Այսինքն պետք է վերականգնել բանակը, իսկ այս 1,5 տարվա ընթացքում ոչինչ չեն արել, որ արագ ձեւավորվի անվտանգության համակարգը՝ բանակի հետ միասին»: