Իսրայելի մի շարք քաղաքներում տեղի կունենան Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ. Կորսունսկի
Հայ համայնքի նախաձեռնությամբ ապրիլի 22-ին Թել Ավիվում, Թուրքիայի դեսպանության առջեւ, տեղի կունենա բողոքի հանրահավաք՝ նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել է Իսրայելում «Նոյան տապան» հայկական մշակույթի կենտրոնի մամուլի քարտուղար Մենդել Կորսունսկին՝ նշելով, որ միջոցառման նախաձեռնողը Հայֆա քաղաքի հայկական համայնքն է։
Ըստ Կորսունսկու՝ Փետահ Թիկվայում հայկական «Նաիրի» եւ «Նոյան տապան» կազմակերպությունների աջակցությամբ տեղի կունենա հիշատակի երեկո՝ նվիրված ողբերգական տարեթվին։ Հիշատակի երեկոյի կազմակերպմանն առաջին անգամ կմասնակցի Փետահ Թիկվայի քաղաքապետարանը։