«Քարանձավ» ռեստորանը կռվախնձոր է դարձել. ԴԱՀԿ-ն չափագրումներ է արել
Երևանի Պռոշյան 19 հասցեում գտնվող «Քարանձավ» ռեստորանային համալիրում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներն ապրիլի 11-ին, չափագրումներ են իրականացրել մի քանի տասնյակի հասնող ոստիկանների հսկողությամբ։ Ռեստորանային համալիրի տարածքն ավելի քան 20 տարի է՝ կռվախնձոր է դարձել ռեստորանի ղեկավարի եւ մի ամերիկահայի միջեւ։ Ամերիկահայը պնդում է՝ տարածքն իրեն կտակել են, ռեստորանի ղեկավարն էլ ասում է՝ 1996 թվականին գնել է այն, ունի սեփականության երկու վկայական։
NEWS.am-ի հետ զրույցում ռեստորանի տնօրեն Վալենտինա Փելոյանն ասել է, որ ամերիկահայը Վերաքննիչ վարչական դատարանի նախկին դատավոր Կարինե Հակոբյանի մտերիմն է, եւ, որ հենց իր միջոցով են սեփականության երկու վկայականները դատարանի որոշմամբ անվավեր ճանաչվել։ Այս պահին տարածքի նկատմամբ դատարանն արգելանք է կիրառել։
«Վերաքննիչ դատարանի դատավոր Կարինե Հակոբյանը կեղծիքներով իր գործն արեց, հասավ իր նպատակին։ Նրանք թող բերեն առանց պատճենի փաստաթուղթ, երկու ձեռքս բարձրացնեմ, ասեմ՝ տարեք, ձերն է»,- ասաց ռեստորանի տնօրենը։
Չափագրումներն անցան լարված մթնոլորտում։ Ականատեսները մեզ պատմեցին, որ ռեստորանի տնօրենի որդին պատռել է չափագրման որոշման փաստաթուղթը, ինչից հետո նրան կարմիրբերետավորները բերման են ենթարկել։
Ռեստորանի ղեկավարի փաստաբան Արմեն Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ արգելանքի տակ գտնվող տարածքում չափագրում իրականացնելն ապօրինի է, եւ, որ բողոքարկելու են չափագրման որոշումը. «Գործողություններն օրինական չեն։ Չափագրման որոշում են այսօր բերում, ու չափագրում իրականացնում, չեն թողնում անգամ բողոքարկենք, ցանկացած որոշում։ Բողոքարկելու ենք, սրանից առաջ էլի եկան չափագրելու, չափագրողներն էս թղթերը տեսան, տեսան արգելանքը, գնացին, էս անգամ էլ փոխնախարարով են եկել, ուզում են զոռով օրենքը մի ձեւ հանեն, մի տեղ ցույց տան»։
Նշենք, որ դեպքի վայրում էր նաեւ արդարադատության փոխնախարար Սերժ Ռուշանյանը։ Նա թեմայի առնչությամբ չցանկացավ խոսել, միայն ասաց, որ այս կողմով անցնելիս է եղել, նկատել է ոստիկանական ուժերին եւ մոտեցել տարածքին։ Այնուամենայնիվ, նախարարի տեղակալը չէր լքում տարածքը, ընթացքում ելումուտ էր անում ռեստորան։