Հայաստանում մարդը ամբողջ կյանքում 20 հազար կգ աղբ է առաջացնում. դպրոցականների հետազոտությունները
Ինչպես անել, որ դպրոցականները դեռ աշակերտական նստարանից կարողանան բացահայտել իրենց երազանքի մասնագիտությունը: Հանրակրթական նոր չափորոշիչով պահանջվում է, որ տարվա ընթացքում 7-12-րդ դասարանի աշակերտները առնվազն մեկ հետազոտական աշխատանք կատարեն:
Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտուհիներ Իրինան և Լաուրան պատմում են իրենց հետազոտական աշխատանքների մասին, որոնք գրել են «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովին մասնակցելու համար:
7-րդ դասարանցի Լաուրան կարծում է՝ հայրենասիրությունը սկսվում է հայրենի երկիրը մաքուր պահելուց, բնապահպանական խնդիրներ չստեղծելուց: Հետազոտական աշխատանքում նա նշում է, որ Երևանի յուրաքանչյուր բնակիչ տարեկան միջինը 300 կգ թափոն է առաջացնում, մարզերում ապրողները՝ 220 կգ: Ու եթե հաշվի առնենք, որ Հայաստանում կյանքի միջին տևողությունը 73 տարի է, ապա մեկ մարդը ամբողջ կյանքում միջինը շուրջ 20.000 կգ աղբ է առաջացնում:
Իրինան էլ հետազոտական իր աշխատանքում կարևորում է, որ աշակերտները դեռ դպրոցից ծանոթ լինեն իրենց իրավունքներին ու պարտականություններին:
«Ես և իմ ընկերներից շատերը, որ ցանկություն ունենք ապագայում աշխատել իրավական ոլորտում, կանենք առավելագույնը՝ ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար»,- իր հետազոտական աշխատանքը եզրափակել է 9-րդ դասարանի աշակերտուհին:
Երկրի կառավարման գործում կանանց ակտիվ ներգրավվածությունը նույնպես նա կարևոր է համարում:
Աշխատաժողովը կազմակերպել է ԿԳՄՍՆ կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը Երևանի պետական համալսարանի հետ:
Արտաշես Թորոսյան (ԿԳՄՍՆ կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրեն) - Նոր հանրակրթության պետական չափորոշչով պահանջվում է, որ տարվա ընթացքում 7-12-րդ դասարանի սովորողները առնվազն մեկ հետազոտական աշխատանք կատարեն: Դրա նպատակն է սովորողների մոտ զարգացնել հետազոտություն իրականացնելու հմտությունները, ինքնուրույն նման աշխատանքներ կազմակերպելու հմտությունները:
Արտաշես Թորոսյանը փաստում է՝ հիմա ուսուցիչներն ավելի շատ փորձում են օգնել աշակերտին, քան նրա փոխարեն կատարել աշխատանքը: Երեխաներն էլ, ըստ նրա, սկսել են այլ կերպ մտածել՝ ձգտելով ինքնուրույն աշխատել:
Աշակերտական համաժողովը կայանալու է մայիսի 6-ին ԵՊՀ-ում: Ստացվել է 145 դիմում-հայտ Երևանից և բոլոր մարզերից: