Գերմանիան գլխավորել է առաջնորդության համաշխարհային վարկանիշը
Gallup Institute-ը (Gallup Media) հետազոտություն է անցկացրել 4 համաշխարհային տերությունների առաջնորդների պոպուլյարության արդյունավետության վերաբերյալ, թե ինչպես է աշխարհը վերաբերվում ԱՄՆ-ին, Չինաստանին, Ռուսաստանին եւ Գերմանիային: Վարկանիշն ընդգրկում է մինչեւ այս տարվա փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածը, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա։
Հարցումն անցկացվել է 116 երկրների եւ տարածաշրջանների հարցվածների շրջանում 2021 թվականի ընթացքում։ Հեռախոսային եւ առերես հարցումներին մասնակցել են 15 տարեկանից բարձր անձինք։ Վարկանիշը հիմնված է ազգային մակարդակի ներկայացուցչական նմուշների վրա:
Եւ ի՞նչ է ցույց տվել այս համաշխարհային սոցհարցումը: Ուկրաինայում պատերազմի սկսվելուց առաջ Գերմանիան եւ ԱՄՆ-ն ունեին աշխարհում ամենաշատ «փափուկ ուժը» եւ շատ ավելին, քան երբեւէ։ Երկու երկրներն էլ ավելի ուժեղ դիրքերում էին, քան Ռուսաստանը կամ Չինաստանը։ ԱՄՆ-ն եւ Գերմանիան լավ հնարավորությունների ունեին ՆԱՏՕ-ի եւ մնացած աշխարհի համախմբման համար Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ:
Հինգ տարի շարունակ Գերմանիան առաջնորդության վարկանիշում ամենապոպուլյար երկիրն էր աշխարհում։ Խոսքը կանցլեր Անգելա Մերկելի կառավարման ժամանակաշրջանի մասին է։ Հարցված 116 երկրների բնակիչների շրջանում 2020 թվականին Գերմանիայի ղեկավարության եւ նրա գործողությունների նկատմամբ վստահության վարկանիշը 52 տոկոս էր կազմել, 2021 թվականին՝ 50 տոկոս։
Եվրոպական երկրների բնակիչների շրջանում հարցվածների 60 տոկոսը հավանություն է տվել Գերմանիայի ղեկավարության քաղաքականությանը։ Համեմատության համար՝ հարցված եվրոպացիների 40 տոկոսը հավանություն է տվել ԱՄՆ վարչակազմի գործողություններին, 22 տոկոստ՝ Ռուսաստանին, իսկ 18 տոկոսը՝ Չինաստանին։
ԱՄՆ-ն, ըստ Gallup-ի, զբաղեցնում է երկրորդ տեղը։
Բայդենի կառավարման առաջին տարում ԱՄՆ-ի նկատմամբ վստահության համաշխարհային վարկանիշը 49 տոկոս է կազմել: Սա զգալի աճ է Թրամփի վարչակազմի 30 տոկոս վարկանիշի վերջին տարվա համեմատ։ ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը հատկապես ուժեղ աճել է Պորտուգալիայում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում եւ Շվեդիայում, ինչպես նաեւ վստահության աճ է նկատվել ՆԱՏՕ-ի եւ G7-ի բոլոր երկրներում, այդ թվում՝ Ճապոնիայում:
Գալուփի ինտիտուտը նշում է, որ ԱՄՆ-ին հաջողվել է վերականգնել եվրոպական երկրների բնակիչների վստահությունը, ովքեր հիմնականում դադարել էին վստահել ամերիկյան ղեկավարությանը Թրամփի նախագահության օրոք։
Ընդ որում, Զամբիայում եւ Նեպալում ԱՄՆ վարկանիշը կտրուկ ընկել է 2020 թվականին, ինչպես նաեւ նվազել է 13 երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, Ղազախստանում, Վրաստանում և Լիտվայում։
Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո աշխարհում վստահության միջին մակարդակը ԱՄՆ-ի գործողությունների նկատմամբ ընկել է մինչեւ 45 տոկոս: Բուն Աֆղանստանում 2021 թվականի օգոստոս-սեպտեմբերին բոլոր հարցվածների 87 տոկոսը հավանություն չի տվել ԱՄՆ-ի գործողություններին։
ԱՄՆ-ի հարեւան երկրների բնակիչների շրջանում Կանադայից հարցվածների 55 տոկոսը եւ Մեքսիկայից 52 տոկոսը վստահել են ամերիկյան ղեկավարությանը: ԱՄՆ-ի վստահության ամենացածր վարկանիշը Լատինական Ամերիկայում գրանցվել է Չիլիում։
Ռուսաստանի վարկանիշն աշխարհում, մինչ Ուկրաինա ներխուժելը, կազմում էր 33 տոկոս, մոտավորապես նույնը, ինչ 2020 թվականին։ Սակայն, ինչպես նշվում է զեկույցում, քանի որ աշխարհի երկրների մեծ մասը դատապարտում է ռուսական ագրեսիան, Ռուսաստանի վարկանիշը կարող է զգալիորեն ընկնել այն 22 տոկոսից, որը գրանցել էր 2014 թվականին՝ Ղրիմի բռնակցումից հետո։
Համաշխարհային հարցման մեջ Չինաստանի ղեկավարության գործողությունները հավանության են արժանացել հարցվածների 30 տոկոսի կողմից։ Այս վարկանիշը գրեթե անփոփոխ է մնացել 2 տարի։ Սոցիոլոգները նշում են, որ Չինաստանի ապագա վարկանիշը կախված է նաեւ ուկրաինական պատերազմին դրա արձագանքից եւ նրանից՝ կաջակցի Պեկինը Մոսկվային, թե՞ ոչ:
Չինաստանի նկատմամբ դրական միտումը պահպանվում է Աֆրիկայում: Չինաստանի ղեկավարության գործողություններին հավանություն է տալիս աֆրիկյան երկրներում հարցվածների 52 տոկոսը, ԱՄՆ-ի գործողություններին՝ 60 տոկոսը: