Մարդկային տարբեր աշխարհներ ու ապրումներ. Երեւանում բացվել է նկարիչ Արման Օհանյանի «Հոգեբուժարան» ցուցահանդեսը
Ապրիլի 9-ից «Դալան» ցուցասրահում բացվել է նկարիչ Արման Օհանյանի «Հոգեբուժարան» ցուցահանդեսը, որը, ինչպես հուշում է խորագիրը, ներկայացնում է նկարներ՝ մարդկային տարբեր հոգեվիճակների մասին:
Երիտասարդ նկարիչը, NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմել է, որ այս շարքի շուրջ աշխատել է մոտ 7 տարի, իսկ ոգեշնչման աղբյուրը հանդիսացել է հոգեբուժարանի մասին պատմող հայկական վավերագրական ֆիլմերից մեկը, որը դիտելու պահին 8 տարեկան է եղել, ու այնքան է տպավորվել մարդու հոգեբանությամբ, որ տարիներ շարունակ ուսումնասիրելով այն՝ փորձել է փոխանցել իր աշխատանքներում:
«Իմ նկարները բուն հոգեբուժարանի պատերի մասին չեն, այլ՝ մարդկային աշխարհի: Շարքը նկարելու ընթացքում եղել եմ նաեւ հոգեբուժարանում, շփվել տարբեր մարդկանց հետ, քանի որ սեփական փորձը միշտ շատ եմ կարեւորում, եւ դա օգնում է ամեն ինչ ավելի լուրջ ու ռեալ ներկայացնելուն: Իմ բոլոր մտքերը ներառված են այս շարքում»:
Արմանը նկարել սկսել է ինքնուրույն՝ 5 տարեկանից, իսկ ավելի ուշ մասնագիտացել Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մանկավարժական համալսարանում: «Հոգեբուժարան» շարքի շուրջ սկսել է աշխատել ուսանողական տարիներից, եւ առայժմ իր բոլոր աշխատանքներն այս թեմայով են:
Ինչ վերաբերում է ցուցահանդեսին, այն տեւելու է մինչեւ ապրիլի 13-ը ներառյալ:
Առավել մանրմասն՝ սկզբնաղբյուր կայքում: