Տավուշի Վերին Ծաղկավան բնակավայրը շուրջօրյա ջրամատակարարում կունենա
Պետություն-համայնք գործակցությամբ, կարգավորվում են տարիներով չլուծված խնդիրներ: Տավուշի Վերին Ծաղկավան բնակավայրն, օրինակ, սուբվենցիոն ծրագրով վերջապես շուրջօրյա ջրամատակարարում կունենա: Զուգահեռ նորգվում են նաև Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ,Նորաշեն, Վարագավան և Տավուշ գյուղերի խմելու ջրագծերը: Պետությունն, ի դեպ, տրամադրել է գումարի 70 տոկոսը, համայնքի մասնաբաժինը միայն 30 տոկոսն է:
Աղասի Ղազարյան (Վերին Ծաղկավանի վարչական ղեկավար) - Իրականացնելու ենք հաշվիչների տեղադրում, կունենանք արդյունավետ ջրօգտագործում և բնակիչներին կապահովենք խմելու մաքուր ջրով, քանի որ խողովակաշարերը փոխում ենք նորով, կիրականացնենք նաև քլորացման աշխատանքները` խմելու ջրի հետ կապված:
Խմելու ջրի ներքին ցանցը կառուցվել է 60-70 ականներին, արտաքին ջրագծերը հիմնովին նորոգվել են 2018-ին: 5 կմ-անոց ջրագծի կառուցմանը շինարարների հետ աշխատում է նաև 10 ծաղկավանցի: Կենսական նշանակության մաքուր ջուրը գյուղի բնակիչներին կհասնի օգոստոսին:
Գագիկ Յանոսյան (շինաշխատանքների ղեկավար) - Մեր հիմնական հարցը դրված ա որակի վրա, որ ժամանակին կատարվի: Զուգահեռ պահպանում ենք որակական աշխատանքը, որ մարդիկ ունենան որակյալ ջրագիծ:
Մհեր Պապյան (Բերդի համայնքապետարանի կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ) - Նախատեսված էր հիմնովին վերանորոգել խմելու ջրերի ներքին ցանցը,ծրագիրը արդեն մի քանի ամիս է` ընթանում է, ընդհանուր արժեքը 600 մլն դրամ է, համայնքի ներդրումը 30 տոկոս է՝ շուրջ 180 մլն դրամ:
800 միլիոն դրամի ևս վեց սուբվենցիոն ծրագիր այս տարի կիրականացվի Բերդի տարածաշրջանում. Նորաշենում 0-ից նոր մանկապարտեզ կկառուցվի, ևս 4-ը տարբեր համայնքներում հիմնովին կնորոգվեն:
Խորհրդային տարիներին կառուցված Բերդի կենտրոնական զբոսայգին հիմնանորոգումից հետո կանվանակոչվի 44-օրյա պատերազմի տավուշցի անմահների պատվին: